չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիան իր աներկբա և բացարձակ աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին. Էստոնիայում ՀՀ դեսպան

Թուրքիան իր աներկբա և բացարձակ աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին. Էստոնիայում ՀՀ դեսպան

Էստոնիայի հանրային հեռուստաընկերությունը նորությունների գլխավոր թողարկմանը հուլիսի 17-ին ծավալուն ռեպորտաժով, Էստոնայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանություններով անդրադարձել է ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հակահայկական կոչերին։  Այս մասին նշված է դեսպանության «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի էջում:

Դեսպանությունը ներկայացրել է հարցազրույցի սղագրության էստոներենից թարգմանությունը, որում նշված է.

«Ադրբեջանը սպառնացել է հարձակվել Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի վրա, եթե հայկական հրետանային ուժը հարվածի Ադրբեջանի որևէ ռազմավարական թիրախի։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը նման սպառնալիքները բացարձակապես անընդունելի է համարում:

 Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե խաղաղ ճանապարհով, այլ ուժի միջոցով լուծելն է: Ըստ դեսպանի՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

 «Մենք Բաքվում տեղի ունեցած ցույցի ականատես եղանք, որտեղ գոռում էին «մա՛հ հայերին», հնչում էին  հայատյաց և հակահայ կոչեր։ Դա շատ մտահոգիչ էր, և ցույցը միայն ցրվեց, երբ այն սկսեց հակաիշխանական երանգ ստանալ»,-նշել է Տիգրան Մկրտչյանը:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները տարիներ շարունակ սեղանին են դնում երկու երկրների միջև խաղաղության հաստատման իր առաջարկությունները: Հայաստանը համաձայնում է այդ առաջարկների հիման վրա առաջ ընթանալ, բայց Ադրբեջանը մինչ օրս անտեսում է դրանք:

Դեսպանը հերքում է շահարկումները, որ Ադրբեջանում հայկական հակամարտության ստվերում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն է, որը կարծես նման ստվերային պատերազմ է՝ ինչպիսին Սիրիայում կամ Լիբիայում: Ըստ Մկրտչյանի՝ Ռուսաստանն իրականացնում է միջնորդական առաքելություն և Հայաստանին այս բախումների ընթացքում ռազմական տեխնիկայով կամ որևէ այլ միակողմանի եղանակով չի աջակցել:

Դեսպան Մկրտչյանն անընդունելի է համարում Թուրքիայի պահվածքը:

«Թուրքիան իր աներկբա և բացարձակ աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին, և նա միջազգային հանրության այն փոքրաթիվ անդամներից մեկն է, որ իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ավելի կառուցողական ու խաղաղ դաշտ բերելու կոչ անելու փոխարեն կրակի վրա յուղ է լցնում։ Նման պահվածքը անթույլատրելի է Թուրքիայի՝ իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար»,-հավելել է դեսպանը»։

  • Կիսվել: