շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ

Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ

Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է իրականացնել իր պանթյուրքական օրակարգը Կովկասում՝ հակազդեցության չհանդիպելով միջազգային հանրության կողմից։ Այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովում մարտի 28-ին ասել է Լեմկինի ինստիտուտի ցեղասպանության կանխման գծով գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին։

Նա նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը սերտորեն կապված է ցեղասպանության պատմության եւ դրա կանխման հետ։

Փորձագետը հիշեցրել է, որ հայերն առաջին ժողովուրդն են, որը ժամանակակից ցեղասպանության է ենթարկվել։ «Ռաֆայել Լեմկինմի աշխատանքների եւ «ցեղասպանություն» եզրի ստեղծման հիմքում ընկած են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հայերի հետ 20-րդ դարասկզբին։ Ընդ որում, հայերը ստիպված են եղել 100 տարի պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը փլուզվում է, ձեւավորվում է իմպերիալիզմի նոր շրջան։ Կովկասում եւ Միջին Ասիայում տեղի ունեցողը փորձագետին հիշեցնում է 19-րդ դարի իրադարձությունները, երբ գործում էր «բաժանիր եւ տիրիր» սկզբունքը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այս ֆոնին գործում է ոչ թե Ռուսաստանի կամ Արեւմուտքի դեմ, այլ ընթանում է երրորդ ուղիով՝ ձգտելով դառնալ քաղաքակրթությունների խաչմերուկ։ «Հայերը ամենահին քաղաքակրթություններից մեկն են, նրանք գիտեն, թե ինչպես կարելի է հավասարակշռել միջավայրն իրենց շուրջ։ Հայաստանը այն երկրներից է, որը փորձում է հակազդել աշխարհում տեղի ունեցող բացասական փոփոխություններին»,- ամփոփել է Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին։

  • Կիսվել: