շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թող իրենց խղճի ու մտքի հետ զրույց անեն՝ ունե՞ն Հայկ Մարությանի հրաժարականը պահանջելու իրավունք. Լուսինե Բադալյան

Թող իրենց խղճի ու մտքի հետ զրույց անեն՝ ունե՞ն Հայկ Մարությանի հրաժարականը պահանջելու իրավունք. Լուսինե Բադալյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը մինչև պատգամավոր դառնալը Երևանի ավագանու անդամ էր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հիմքեր չի տեսնում։

«Իմ աչքով ընկել է՝ ովքեր են պահանջում Հայկ Մարությանի հրաժարականը։ Եթե նրանք ժամանակին նախկին քաղաքապետի հրաժարականը չեն պահանջել ակնհայտ չարաշահումների, ակնհայտ խնդիրների, ակներեև հանցագործությունների դեպքում, թող իրենք իրենց խղճի ու մտքի հետ զրույց անեն՝ ունե՞ն հրաժարական պահանջելու այդ իրավունքը», -PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսինե Բադալյանը՝ մեկնաբանելով քաղաքապետի շուրջ հասունացած «կամազների սկանդալը»։

Բադալյանն ասաց՝ վստահ է՝ եթե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսնի, որ իր մոտ չի ստացվում որևէ բան անել, ինքն իր կամքով հրաժարական կտա ու չի սպասի՝ իրենից պահանջեն։ «Հրաժարական պահանջողներին տեսել եմ, եթե նրանք մինչև հիմա նախկինի հրաժարական չեն պահանջել, ապա հիմա չափազանց լուրջ պատճառներ պետք է բերեն դրա համար», -ասաց Բադալյանը՝ նշելով, որ ինքը նկատի ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, որոշ ՀՀԿ-ականներին։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բարձրաձայնել էր քաղաքապետարանի որոշ ծառայությունների դիմաց գործարար Սամվել Ալեքսանյանի, ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվղ Գագաիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերության կողմից քաղաքին աղբատար մեքենաներ նվիրելու մասին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դա որակել էր կոռուպցիոն գործարք։

  • Կիսվել: