երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՏԻՄ-երը մայրուղիների հարակից տարածքները չարչիական բիզնեսների առարկա են դարձրել. Գեղամ Նազարյանը՝  ՏԵԿ փոխնախարարին

ՏԻՄ-երը մայրուղիների հարակից տարածքները չարչիական բիզնեսների առարկա են դարձրել. Գեղամ Նազարյանը՝ ՏԵԿ փոխնախարարին

Դուք երթևեկե՞լ եք Երևան-Սևան մայրուղով: Ձեզ չե՞ն անհանգստացնում մայրուղու հարակից հողահատկացումները: Այդ տարածքները հանձնվել են ՏԻՄ-երին, որոնք միջպետական ճանապարհը դարձրել են դարձրել են մանր, չարչիական բիզնեսի առարկա: Վաղը մյուս օրը կարող ա ձեռքներս փող ա ընկնում, ուզում ենք լայնացնել էդ փողոցը, հետո տանելու ենք լրացուցիչ փող տա՞նք էդ շուստրի տղերքին, որ նորից առնենք էդ տարածքը: Այս մասին ասյօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ դիմելով Տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին:

Հարցին ի պատասխան, ՏԵԿ փոխնախարարն ասաց, որ խնդրով ոչ միայն նախարարությունը, այլև Կառավարությունն  է անհանգստացած և հանձնարարականներ է տվել խնդրին լուծում տալու:

«Մայրուղիների հարակից հատվածները տարիներ առաջ տրվել են ՏԻՄ-երին, և դրանք գրեթե ամբողջությամբ սեփականությամբ ծանրաբեռնված հողամասեր են:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էական խախտումներով և առանց ՏԿԵՆ-ի համաձայնության կառուցապատումներ կան արված. շինթույլտվություն ստացել են ՏԻՄ-երից: Այս պահին նույնիսկ դատական գործեր ունենք, բայց քանի որ խնդիրը մեծ ծավալների է հասնում, մենք Քաղաքաշինության կոմիտեի հետ առանձին կարգավորում ենք ուզում նախատեսել, որովհետև այն օբյեկտները, որոնք տեխնիկական նորմերի պահանջների խախտումներով են, ենթակա են ապամոնտաժման»,-պարզաբանեց Քրիստինե Ղալեչյանը:

Գեղամ Նազարյանի հարցին, թե ո՞վ է պատասխանատու ճանապարհների գծանշումների համար, ՏԵԿ փոխնախարարը պատասխանեց, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները գտնվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառավարման ներքո, իսկ մարզային նշանակության ճանապարհները՝ համապատասխան մարզպետարանների տնօրինման ներքո:  Գծանշումները իրականացվում են այդ մարմինների կողմից, պատվիրվում են կապալարուներին:

«Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև Դիլիջանի թունելի լուսավորության և ասֆալտապատման խնդրին, ինչին ի պատասխան Քրիստինե Ղալեչյանն ասաց, որ թունելների համար հստակ պահանջներ են դրվելու, որոնք բխում են ԵՄ թունելների անվտանգության պահանջներից:  Դրանք վերաբերում են լուսավորությանը, օդափոխությանը և մնացած հարցերին: Նա հավելեց, որ Դիլիջանի թունելում շուտով հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու:

«Պարտադիր չի, որ ԵՄ-ն գա ասի, որ մենք պետք է լուսավոր և նորմալ ասֆալտով թունելով երթևեկենք,  ոչ թե քանդվածով, մենք էլ կարող էինք դա հասկանալ»,-արձագանքեց Գեղամ Նազարյանը:

  • Կիսվել: