երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Թղթերը չենք վառի. բա որ մատներս սխալ կնոպկի կպնի, ամբողջը կորսվի. Փաշինյանը՝ տվյալները ամպային տիրույթում պահելու մասին

Թղթերը չենք վառի. բա որ մատներս սխալ կնոպկի կպնի, ամբողջը կորսվի. Փաշինյանը՝ տվյալները ամպային տիրույթում պահելու մասին

Նախնական շրջանում տեղեկատվությունը ամպային տիրույթում պահելուց հետո մնացած սերվերներն ու թղթերը չենք վառի,  կհամոզվենք, որ ամպային տիրույթն աշխատում է: Այս մասին, այսօր կառավարության նիստում «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այս նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների եւ տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային  լուծումներ:

«Հետագայում արդեն պետք չի լինի պահել, որովհետեւ նույն ամպային տիրույթում մի քանի շերտերով է պահվում, եւ եթե մի տեղ մի բան տեղի ունենա, մյուս շերտերից կարելի է վերցնել: Քանի որ նոր բան է, փուլային տարբերակով ենք գնում, որ ամեն ինչ միանգամից չլցնենք, էդտեղ հետո մատներս սխալ կնոպկի կպնի ու պարզվի որ ամբողջը կորսվել է»,- ժպիտով ասաց նա:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ նմանատիպ մի հարց էր ուզում տալ․ «Ճիշտն ասած՝ այդպիսի հարց էի ուզում տալ, բայց կնոպկեն չէի մտածել։ Մտածում էի՝ բա որ լույսերը մի օր գնաց, կարող է 18 տարի ամեն ինչ լավ լինի, 19-րդ տարում ինտերնետի կաբելը կտրվեց,  պարզ ձևակերպումներ ենք տալիս, բայց մի օր այդ համակարգը խափանվեց, ինչ-որ մի քաղաքացու պետք է ինչ-որ մի ծննդական, որը թղթով կար, հիմա չկա, դա հասկանանք մի հատ»,- ասաց նախարարը։

Փաշինյանն էլ նշեց, որ այդ հարցերը արդեն 50 տարի առաջ այլ երկրները, որոնք կիրառում են ծրագիրը, մտածել են դրանց մասին․ «Սա մենք գիտեք ինչի մասին ենք խոսում, սա միևնույնն է, որ մենք գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին, այն ժամանակ էլ բազմաթիվ մտավախություններ են եղել դրա հետ կապված։ Ես հիշում եմ 90-ականներին ՀՀ-ում մտածում էինք, որ այս ավտոմատ փոխանցումատուփերով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են, ցեխի մեջ խրվում են, արագություն չեն հավաքում և ճիշտը ձեռքի շարժիչով մեքենաներն են։ Նույնն  էլ սա է, մենք ավտոմատ փոխանցումատուփի պետք է անցնենք տվյալների պահպանման շրջանում»,- ասաց նա։

  • Կիսվել: