ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանը քվեարկեց Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու Սևծովյան տնտեսական համաժողովի ԽՎ-ի բանաձևի օգտին՝ միակ երկիրը, որ կանգնեց ՌԴ կողքին Հայաստանն էր

Ադրբեջանը քվեարկեց Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու Սևծովյան տնտեսական համաժողովի ԽՎ-ի բանաձևի օգտին՝ միակ երկիրը, որ կանգնեց ՌԴ կողքին Հայաստանն էր

 Սևծովյան տնտեսական համաժողովի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի գլխավոր «ինտրիգը» եղել է ռուս-ուկրաինական թնջուկը՝ չնայած նրան, որ մինչ նիստը ՌԴ ներկայացուցիչները կոչ են արել ռուս-ուկրաինական կոնֆլիկտը չկապել ՍԾՏՀ ԽՎ օրակարգի հետ և չպարալիզացնել կազմակերպության աշխատանքը։

Նրանք նաև հայտարարեցին, որ եթե իրենց պատվիրակության որևէ անդամի մանդատը չհաստատվի, իրենք կլքեն նիստը։ Սակայն ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է ՍԾՏՀ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ («Քաղպայմանագիր») Բաբկեն Թունյանը, Ռուսաստանի պատվիրակության առաջին անդամի մանդատը չի հաստատվել։ «13 պատվիրակություններից 7-ը պետք է կողմ քվեարկեին, սակայն կողմ քվեարկեցին 5-ը (այդ թվում՝ Հայաստանի պատվիրակությունը): Ադրբեջանի պատվիրակությունը քվեարկությունից առաջ դուրս եկավ դահլիճից, որպեսզի չմասնակցի դրան»,- մանրամասնել է Թունյանը:

Քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը կազմակերպությանը և լքել դահլիճը: ՌԴ տարեկան անդամավճարը կազմակերպությանը կազմում է մոտ 256 000 եվրո է, որը ՍԾՏՀ ԽՎ բյուջեի 14%-ն է, և եթե իրավիճակը չհարթվի, ապա այս կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ կունենա, հատկապես, որ երկրները մտադիր չեն ավելացնել իրենց ներդրումները: Հաջորդ լարվածությունը, ինչպես գրում է Թունյանը, նույնպես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր:

Տնտեսական բնույթի զեկույցների մասով Ուկրաինան առաջարկեց բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձևակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ: «Մենք նշեցինք, որ զեկույցները տնտեսական են, պետք չի դրանք քաղաքականացնել, քաղաքական գնահատականներ հնչեցնել և չպաշտպանեցինք այս առաջարկները»,- ընդգծել է ՀՀ պատվիրակության անդամը: Մնացած երկրները կողմ քվեարկեցին առաջարկություններին (այդ թվում և Ադրբեջանը) և դրանք ընդունվեցին: «Այսինքն, փաստացի Ռուսաստանին ճանաչեցին ագրեսոր»,- եզրափակում է Թւոնյանը: Նիստը շարունակվելու է դեկտեմբերի 8-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: