երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Տարվա վերջում մանդատներից զրկելու հարցը կմտնի ԱԺ խորհուրդ. ԱԺ նախագահ

Տարվա վերջում մանդատներից զրկելու հարցը կմտնի ԱԺ խորհուրդ. ԱԺ նախագահ

Դա նախագիծ չէ, օրենքի պահանջ է, ըստ որի, եթե լրանում է պատգամավորների անհարգելի  բացակայությունների թույլատրելի չափը, հարցը մտնում է օրակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին:

«Պետք է նստաշրջանն ավարտվի, դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին: բայց ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով կա՛մ բժշկի թուղթ ներկայացնել, կա՛մ ինչ-որ  ձևով գալ ու մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով, դա էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում: Տարվա վերջում, ըստ տվյալների, հարցը կմտնի ԱԺ խորհուրդ ու որոշում կկայացվի», - ասաց ԱԺ նախագահը:

Նա նշեց, որ խնդիրը գալիս է ընդդիմության որդեգրած հռետորաբանությունից ընտրությունների ժամանակ, հետագայում եւս փորձեցին մի հարց բերել օրակարգ, որը եւս չստացվեց: մենք կառուցողական ենք եղել եւ չենք զրկել իրենց մանդատներից, թեեւ կարող էինք հարցն ուղարկել ՍԴ: Բավարարվել ենք զուտ 1-2 պաշտոնից զրկելով, նաեւ քաղաքական գործչին ոչ վայել պահվածքի պատճառով:

Մենք այս հարցը քննարկել ենք, տարբեր կարծիքներ են հնչել: Նաեւ կարծիք է եղել ձեռք մեկնել եւ հնարավորություն տալ վերադառնալու, բայց ինքս անձամբ դեմ եմ եղել: Մեջներից երեւի ամենաճիշտն իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա:

Ես տրամադրված եմ այնպես, որ որևիցե քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա,  իր օգնականները չպետք է աշխատավարձ  ստանան, եթե գործի չեն գալիս: Վստահ եմ՝ հաջորդ անգամ մեր խմբակցությունը ավելի խիստ վերաբերմունք կդրսևորի», - ասաց Սիմոնյանը:

Նա, սակայն, հայտարարեց, թե պատրաստ են  ծափահարություններով ընդդիմադիրներին ընդունել ԱԺ դահլիճ. «Մենք իրենց ծափահարություններով ճանապարհեցինք դահլիճից ու պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Իրենք այլընտրանք չունեն: Իրենք լուսանցքում են հայտնվել ու ներսում ունեն լուրջ քննադատություն ու լուրջ քննարկում: Մի մասն ասում է՝ «եկեք վերադառնանք», մի մասն ասում է՝ «որ վերադառնանք, շատ վատ կլինի մեզ»: Եթե մինչև տարվա վերջ իրենք չվերադառնան ու կոնկրետ պատգամավորների բացակայությունների չափն անցնի թույլատրելին, վստահ եմ՝ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կկայացնի, որ իրենց կփոխարինեն այն պատգամավորները, որոնք հասկանում են, որ  պատգամավորն Ազգային ժողովում աշխատելու համար է», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նդդիմությունը փողոցում մնացել է միայնակ, այլընտրանք չունեն եւ պետք է վերադառնան դահլիճ. «Ո՞րն է իրենց օրակարգը: Երբ մենք, օրինակ, դատավոր ենք ընտրում, սահմանների վերաբերյալ օրենք ենք ընդունում դա իրենց հետ կապ չունի՞: Ո՞րն է իրենց օրակարգը, նախկին իշխանավորներին քրեական հետապնդումներից փրկե՞լն է իրենց օրակարգը»:

  • Կիսվել: