երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Սուտն ու Սերժ Սարգսյանը հոմանիշներ են հայ քաղաքականության դաշտում. Ալեն Սիմոնյան

Սուտն ու Սերժ Սարգսյանը հոմանիշներ են հայ քաղաքականության դաշտում. Ալեն Սիմոնյան

Ուզում եմ հասկանալ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը որքան ուժ ու եռանդ պետք է ունենա, որ գա ու այստեղից խոսի ստի մասին: Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է: Այս մասին ԱԺ ամբիոնից արտահերթ ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթի մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «Դուք դրա պատճառով իշխանություն եք կորցրել, հասկանո՞ւմ եք: Սերժ Սարգսյանն այնքան սուտ խոսեց, թե՛ գործընկերները, թե՛ ժողովուրդը էդ ստի պատճառով ասացին՝ հերիք է մեզ խաբես: Ընտրությունները խաբում էիք, ելույթներում խաբում էիք, «թեկնածությունս չեմ դնելու», ««Արմենիկումն» եմ հնարել»: 99 թվին Սերժ Սարգսյանն «Արմենիկումից» էր խոսում: Կարելի է գրքեր գրել ստի մասին:

Ի միջի այլոց, ինչ եղան ձեր բանակցություններն Աղազարյանի ու Ասլանյանի հետ, միացա՞ն իմփիչմենթին: Լուրջ, դարակազմիկ բանակցությունն ինչո՞վ ավարտվեց»,- հարց ուղղեց Սիմոնյանը՝ դիմելով Մամիջանյանին:

Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ: Դուք պիտի ամաչեք, որ գաք, ու ճիշտ եք անում, որ ամաչում եք: Դուք պետք է լռեք: Դուք ասելիք չունեք, անցել եք Ազգային ժողով թեյնիկի կարգավիճակով: Ո՛չ ձայն ունեք, ո՛չ համակիր, ո՛չ ասելիք: Սուտն ու Սերժ Սարգսյանը դրանք բառեր, հոմանիշներ են հայ քաղաքականության դաշտում»:

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը ուզում է, որ հրապարակվեն 90-ականների բանակցային փաստաթղթերը: 

«Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից ասում էր՝ դե, փակուղի է»,- նշեց Սիմոնյանը՝ ընդդիմությանը մեղադրելով ոչ մի լավ բան չտեսնելու մեջ:

Ի հակադրություն ընդդիմությանը՝ նա օրինակ բերեց իրենց խմբակցությանը՝ ասելով. «Ես հպարտանում եմ մեր խմբակցությունով: Մենք ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել: Քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի»:

  • Կիսվել: