հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուբվենցիոն ծրագրեր, մշակութային միջոցառումներ. Գյումրիի քաղաքապետը ներկայացնում է իրականացվող աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրեր, մշակութային միջոցառումներ. Գյումրիի քաղաքապետը ներկայացնում է իրականացվող աշխատանքները

Գյումրիում օգոստոսի 20-ին տեղի կունենա Գարեջրի փառատոն, իսկ 27-ին Հանրապետության մշակութային մայրաքաղաքը կնշի Գյումրու օրը: Երկու դեպքում էլ քաղաքը հյուրերի պակաս չի զգա՝ այսօր արդեն քաղաքի հյուրատներն ու հյուրանոցները, այդ օրերի համար ամրագրումներ են իրականացնում: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը «Արմենպրես»-ին ներկայացրեց Գյումրիում իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Գյումրին վերջին տարիներին դարձել է զբոսաշրջային կենտրոն, բայց սա չի խոսում այն մասին, որ Գյումրիում բոլոր խնդիրները լուծված են. անելիքներ դեռ շատ կան՝ տնակներ, քանդված փողոցներ, գործազրկություն:

Գյումրիում այս պահին լայնածավալ փողոցաշինական ծրագրեր են իրականացվում: Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ներկայացնելով այդ աշխատանքները, տեղեկացրեց, որ այս տարի 22 փողոց ընդգրկվել է սուբվենցիոն ծրագրերում: Նախնական առաջարկված 2 մլրդ 95 մլն դրամ ընդհանուր գումարից աշխատանքներն իրականացնող 5 ընկերություններն առաջակել են 1 մլրդ 969 միլիոն դրամ գումար, ինչի արդյունքում տնտեսում է եղել: Այս գումարի 55 տոկոսը համայնքի մասնաբաժինն է, 45-ը՝ պետությանը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կա շենքերի ջերմամեկուսացման ծրագիր Անի և Մուշ թաղամասերում, ձեռք է բերվել նոր տեխնիկա: Ավարտվում է կայարանամերձ այգու և հրապարակի հիմնանորոգումը: «Նույն սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Գյումրիի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող թվով 14 բնակարան վերանորոգել և տրամադրել անօթևան, տնակներում բնակվող ընտանիքների: Բնակարանները շահառուներին կհանձնվեն անհատույց օգտագործման՝ առանց վարձավճարի: Գյումրու համայնքապետարանը կպահպանի այդ բնակարանների հանդեպ սեփականության իր իրավունքը»,-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ այս աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև մանկապարտեզների ներքին հարդարման աշխատանքներ, իսկ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվում է նոր մանկապարտեզ: Շենքի կառուցման համար հատկացվել է մոտ 245 մլն դրամ, որից մոտ 24 մլն դրամը համայնքի ներդրումն է: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար:

Քաղաքում նաև աշխատանքներ են իրականացվում Համաշխարհային, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական (ՎԶԵԲ) և KFW բանկերի միջոցներով:

Քաղաքում արդեն տարբեր ընկերություններ սկսել են մասնավոր բնակարանաշինական ու հյուրանոցների շինարարական աշխատանքներ: «Բազմաթիվ առաջարկներ կան հիմա. շատերն են հետաքրքրված Գյումրիի տարբեր հատվածներում հյուրանոցներ կառուցելու հեռանկարով, իսկ նոր հյուրանոցների կարիք իսկապես կա. խնդիրը զգացվում է հատկապես տոնական օրերին»,-նշում է քաղաքապետը:

Անդրադառնալով Գյումրիի համար ամենացավոտ՝ տնակների խնդրին, Վարդգես Սամսոնյանը տեղեկացրեց, որ վերջին հաշվառումը ցույց է տվել, որ ներկա պահին քաղաքում կա մոտ 2700 տնակ. տնակները չեն ավելանում, իսկ եղածները գույքագրվում են: «Դրանց թիվը չի ավելանում, սոցիալական 14 բնակարաններն էլ հանձնելու ենք տնակների բնակիչներին, ինչից հետո նրանց տնակները կքանդվեն: Ի դեպ, 500 տնակ չբնակեցված է»,-տեղեկացրեց քաղաքապետը:

Գործազրկության խնդրի լուծման նպատակով գործարարների կողմից առաջարկներ եղել են, քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածքների հատկացման հարցում:

  • Կիսվել: