շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստանում ենք ահազանգեր, որ Պղնձամոլիբդենային կոմբինատում կան մեքենայություններ. վարչապետը պատասխանեց պատգամավոր Խաչատրյանի հարցին

Ստանում ենք ահազանգեր, որ Պղնձամոլիբդենային կոմբինատում կան մեքենայություններ. վարչապետը պատասխանեց պատգամավոր Խաչատրյանի հարցին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ կապված Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր է հանքարդյունաբերությունը, և, ինչպես նշեցիք, ապագայում պղնձի արդյունահանումը կարող է դառնալ մեր երկր տնտեսության լոկոմոտիվը:

Որպես ամենախոշոր հանքարդյունաբերող՝ իմ և հանրության մեջ բավականին լուրջ կասկածներ կան, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատում է ոչ այնպես, ինչպես սահմանված է օրենքով:

Հանրությունը լուրջ կասկածներ ունի, որ պղինձը և մոլիբդենն ադյունահանվելու ընթացքում զգալի մասը մսխվում է: Չե՞ք կարծում, որ նախ պետք է հասկանանք՝ ի՛նչ է կատարվում այս հիմնարկում, ե՞րբ է օբյեկտիվ աուդիտ արվելու, որ ներկայացնենք հանրությանը, կասկածները փարատվեն, հետո հասկանանք՝ ինչ ուղղությամբ ենք տանելու՛՛:

Հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց. ՛՛Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջազգային գործընկերների, այսինքն՝ այդ գործում ներգրավված միջազգային գործող անձանց կողմից վերջերս ստացել ենք ահազանգեր, որ այնտեղ կան խնդիրներ, և նույնիսկ կարող եմ արձանագրել, որ ուղիղ առնչություն ունեցող մարդիկ այդ գործի հետ ահազանգում են, որ կարող են լինել չարաշահումներ, մեքենայություններ, այդ թվում՝ կապիտալը ՀՀ-ից դուրս հանելու իմաստով:

Սա անհազանգ է, որ պետք է ստուգվի: Որքան տեղյակ եմ՝ ՊԵԿ-ում հարուցված է քրգործ, իրականացվել են մի շարք հարցումներ, որոնց պատասխաններին սպասում են մեր իրավապահները, բայց ես կուզենայի անդարադառնալ հարցի քաղաքական կողմին:

Այո, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ազգային հարստություն է, բայց արդյոք այն հարստացնում է ազգի՞ն, թե՞ այդ ազգային հարստությունը հարստացնում է, կներեք արտահայտության համար, որոշակի կոռումպացված շրջանակների: Սա հարց է, որի պատասխանը պետք է ստանալ օրինականության, արդարության, տրամաբանության շրջանակներում:

Եթե այդքան խորացանք, եկեք վերադառնանք 2000-ականներ, տեսնենք՝ ինչպե՛ս, ու՛մ կողմից է սեփականաշնորհվել կոմբինատը, ու՛մ անուններն են շոշափվում  սեփականաշնորհման համատեքստում, ովքե՛ր են հետագայում դարձել սեփականատեր, ինչպե՛ս են դարձել սեփականատեր՝ բիզնե՞ս, թե՞ քաղաքական հանգամանքների բերումով, ի՛նչ գործունեոթյուն են ծավալում այսօր… Դրանք հարցեր են, որոնց պատասխանը հայ ժողովուրդը պիտի ստանա՛՛:

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ պատգամավորը նշեց. ՛՛Հարցն իրականում մեծ հնչեղություն ունի հատկապես Սյունիքի մարզում, հենց Քաջարանի բնակչության շրջանում, միջոցառումները շատ գործուն պիտի լինեն այս հարցում, վստահ եմ, որ պետությունը, հանրային շահը վեր դասելով, պետք է ընդունի այն սկզբունքը, որ ոչ մի գրամ ազգային հարստություն չպետք է փոշիանա՛՛:

՛՛Իհարկե, պետք է արձանագրել, որ կոմբինատը մեր երկրի ամենախոշոր հարկատուներից է, բայց սա իրադրությունը չի փոխում, ո՞վ է ասել, որ հարկերն ավելի խոշոր չպիտի լինեին, կամ օգուտները, որ ՀՀ-ն ստանում է սրանից:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ ընդերքը պատկանում է ժողովրդին, և այն տրվում է շահագործման և ոչ թե՝ ի սեփականություն՛՛,-պատգամավորի դիտարկմանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: