չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիմիդյանը իմ վաղեմի ընկերն է, դա թաքուն պահելու բան չէ, բայց իմ համար լոբբինգ անելը շատ բարձր է ասված․ Արամ Սահակյանը նախարար դառնալու առաջարկ չի ստացել

Սիմիդյանը իմ վաղեմի ընկերն է, դա թաքուն պահելու բան չէ, բայց իմ համար լոբբինգ անելը շատ բարձր է ասված․ Արամ Սահակյանը նախարար դառնալու առաջարկ չի ստացել

Վիրաբույժ Արամ Սահակյանը Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց նա։

 «Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկություն դեռևս չեմ ստացել։ Այդ մասին լուրեր ես լսել, կարդացել եմ, բայց առաջարկություն չեմ ստացել», - ասաց Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ է շրջանառվող տեղեկությունը։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ունի «դեռևս» ասելով, այսինքն՝ կա՞ն քննարկումներ, Սահակյանը արձագանքեց․ «Չեմ կարող առաջարկող կողմի անունից խոսել»։

Մեր մյուս հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները այն մասին, որ առողջապահության նախարարի պաշտոնում իրեն նշանակելու համար լբբինգ են անում Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանը, Սահակյանը պատասխանեց․ «Սիմիդյանը իմ վաղեմի ընկերն է, դա թաքուն պահելու բան չէ, բայց լոբբինգ անելը շատ բարձր է ասված»։

Հնարավո՞ր է այդ ընկերությունը նպաստի, որ նա զբաղեցնի առողջապահության նախարարի պաշտոնը հարցին, Սահակյանը պատասխանեց․ «Եթե վստահություն կլինի իմ նկատմամբ ոլորտի պատասխանատու դարձնելու, այդ ընկերությունը կարող է նպաստել նրանով, որ կիմանան՝ աշխատող մարդ կա»։

Մեր ուղիղ հարցին՝ կհամաձայնե՞ք եթե Ձեզ վստահեն առողջապահության նախարարի պաշտոնը, Սահակյանը դժվարացավ պատասխանել․ «Այդ հարցին հիմա չեմ ուզի պատասխանել»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ Հայաստանի առողջապահության կողմից իրականացվող պայքարին, քաղաքականությանը, Սահակյանն ասաց, որ որոշ խնդիրներ թույլ տրվել են, բայց դա ձախողում համարել չի կարելի։

Հարցին՝ արդյոք առողջապահական համակարգում փոփոխությունների կարիք կա, Սահակյանը պատասխանեց․ «Անշուշտ փոփոխությունների կարիք կա, անշուշտ խնդիրներ եղել են, որոնք հնարավոր էր այնպես անել, որպեսզի չլինեին։ Ձախողում բառը չեմ ուզում այս պահին օգտագործել, բայց միանշանակ փոփոխություններ պետք են։ Բաներ կան, որ կամ թերի են արվել, կամ ուշացված են արվել»։

Արդյոք դրա պատասխանատուն միայն առողջապահության նախարարությունն է եղել հարցին, Սահակյանը պատասխանեց այսպես․ «Նախարարությունը ի դեմս նախարարի ոլորտի պատասխանատուներն են և այդ ամենը նրանց պատասխանատվության տակ է, նրանց որոշումների ներքո է այդ ամենը կատարվել։ Օրինակ՝ որոշ սահմանափակումներ, որ արվեցին հետո, կարելի էր ավելի շուտ անել, զսպել թվերը»։

  • Կիսվել: