հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Երևանում բախվել են Ford Fusion-ն ու շտապօգնության ավտոմեքենան, վերջինը կողաշրջվել է

Երևանում բախվել են Ford Fusion-ն ու շտապօգնության ավտոմեքենան, վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Մամիկոնյանց-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Ford Fusion մակնիշի 10 AV 888 համարանիշի և Haise մակնիշի 676 AO 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Haise-ն, որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, կողաշրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Նշված վայրում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, տեղում են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ հոգեբանը, ով վթարի հարևանությամբ գտնվող կրպակի աշխատակցուհուն հոգեբանական օգնություն է ցուցաբերում, քանի որ վթարը տեղի է ունեցել նրա աչքի առաջ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենայի ձայնային և լուսային ազդանշանները միացված են եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: