երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջապատված ենք տղամարդ պետություններով, իսկ մենք մեզ օրիորդի պես ենք պահում․ պետք է ուժեղացնել բանակը․ Վ․Մանուկյան

Շրջապատված ենք տղամարդ պետություններով, իսկ մենք մեզ օրիորդի պես ենք պահում․ պետք է ուժեղացնել բանակը․ Վ․Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» ձեւաչափը հնարավոր է՝ փոխվի, ընդգրկված ուժերը կավելանան կամ կպակասեն՝ դեռ հայտնի չէ, մենք այդ մասին ներսում խոսում ենք, ես պատրաստի բանաձեւ չունեմ, եթե արդյունավետ չէ՝ պետք է քննարկել եւ փոխել։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Հայ-ռուսական հարաբերություններին նոր որակ հաղորդելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Վազգեն Մանուկյանն ասել է, որ չի ցանկանում անդրադառնալ, թե ինչ հարվածներ դրանց տվեց Նիկոլ Փաշինյանը։

«Շատ մարդիկ, որոնք հակառուսական չեն, հիասթափություն են ապրում, կարծելով, որ Ռուսաստանը շատ ավելի շուտ պետք է միջամտեր եւ կանգնեցներ պատերազմը․ կասկածներ են առաջանում, թե միգուցե դա Ռուսաստանին էլ էր ձեռնտու, թե ոչ։ Իմ իմանալով՝ ամեն խոսակցության ժամանակ Պուտինը հարցրել է՝ չե՞ք ուզում կանգնեցնել պատերազմը եւ առաջարկել իր օգնությունը, բայց մերոնք ամեն անգամ չեն ցանկացել կանգնեցնել պատերազմը։ Ռուսաստանը հայտարարեց, որ եթե պատերազմը հասնի Հայաստան, ինքը կմիջամտի եւ կապշտպանի ՀՀ-ն՝ պայմանագրի համաձայն։ Եվ 3-րդը՝ ՌԴ-ն անսպառ քանակությամբ զենք ու զինամթերք էր մատակարարում Հայաստան, այսինքն կատարում էր իր պարտավորությունները, մերոնք էին, որ մեզ այս վիճակի մեջ գցեցին։ Հիմա այն վիճակն է, որ մեր բանակը չի մեզ պաշտպանում, այլ ռուսական բանակը։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մեզ սիրում է, պրագմատիզմն է որոշում։ Ռուսաստանն այս պատերազմում կարողացավ իր զորքը տեղադրել իրավաբանորեն Ադրբեջանի տարածքում, ինքը մեզ համար շատ օգտակար է, միակը, որ օգտակար է։ Հիմա տարօրինակ կարծիքներ են հնչում ռուսական ռազմաբազան հանելու մասին, դրանք շատ վտանգավոր են, այս տարածաշրջանում բարդ խաղեր են սկսվում, շրջապատված ենք տղամարդ պետություններով, մենք մեզ պահում ենք որպես օրիորդ։ Ռուսական բանակն այստեղ է լինելու 4,5-5 տարի, մինչեւ այդ մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը», ասել է Վազգեն Մանուկյանը։

Բանակում անհրաժեշտ փոփոխությունների առչնությամբ Վ․Մանուկյանն ասել է, որ նախ պետք է նայել հրամանատարական կազմը, պարզել, թե ով ինչպես է իրեն պահել պատերազմի ժամանակ։

«Օրինակ՝ Շուշիի անտառներում Ադրբեջանն իր հատուկ ջոկատայիններով խնդիր լուծեց, Շուշին, ճիշտ է, դավաճանությամբ տվեցին, բայց նրանք կարողացան առաջ գալ, երբ այդ տարածքը մեր վերահսկողության տակ էր եւ հատուկ ջոկատը կարող էր դիմակայել, մենք կարողանում ենք խրամատում լավ նստել, բայց սպեցնազի պակասը կար։ Զինակոչիկների հարցը․ մեր բնակչությունը նվազած է, սահմանները երկարել են․․․ Արցախի մասին դեռ կխոսեմ, ոմանք ասում էին, թե Արցախը բեռ էր, բայց իրականում հակառակն էր։ Օրինակ, Հրանտ Բագրատյանն էր առաջարկում, նրա հետ համաձայն եմ, որ նորակոչիկները աշխատավարձ ստանան՝ 80-100 հազար դրամ,  50 միլիոն դոլարի հարց է։ Բանակի պրոֆեսիոնալ մասը անընդհատ պետք է մեծացնել, աստիճանաբար գալ մի մակարդակի, որ փոքր թվով մեծ հարցեր հնարավոր լինի լուծել։ Առանց Ռոսաստանի մենք դա չենք կարող անել, Ռուսաստանն էլ, ուրիշ երկրներ էլ շահագրգռված են։ Մենք թերագնահատեցինք, բայց մեզ համար կարող էին օգտակար լինել Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը։ Ֆրանսիան եւ արաբական աշխարհը, այս բոլորի հետ մենք պետք է կարողանանք շատ սերտ գործակցել։ Թուրքիան հիմա շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում։ Դուք տեսնում եք, որ սեւ ամպեր են կուտակվում Թուրքիայի գլխին, եւ ամենակարեւոր պահին մենք ամենաթույլ վիճակում ենք, կարծես դիտմամբ լինի, միգուցե հենց դիտմամբ էլ արվել է», ասել է Վազգեն Մանուկյանը։

  • Կիսվել: