Շիրղոլամին անդրադարձել է հարցին, թե ինչու Էրդողանն ու Ալիևը չեն մասնակցել Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցել Իրանի նահատակված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Երևանում հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նշել է, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ներկա չգտնվելը կապված է հենց այդ երկրների քաղաքական որոշումների հետ. այդ երկրներն իրենք են որոշում, թե ինչ մակարդակով պետք է մասնակցեն արարողություններին։
«Ես՝ որպես Իրանի քաղաքացի, կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որպեսզի Ալիևն ու Էրդողանն անձամբ ներկա գտնվեին այդ միջոցառմանը։ Այդուհանդերձ, թուրքական կողմից ներկա էր փոխնախագահը, իսկ ադրբեջանական կողմից՝ այդ երկրի խորհրդարանի նախագահը։ Ամեն դեպքում, այդ փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»,- ասաց դեսպանը։
Նա հավելեց, որ Թուրքիայի պարագայում խոսվում էր այն մասին, որ վերոհիշյալ արարողությունը ժամանակային առումով շատ մոտ էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացմանը Թուրքիայում, հետևաբար Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղված էր այդ հարցերով ու չկարողացավ անձամբ այցելել Թեհրան։



