Շիրակի մարզպետը հերքում է լուրն այն մասին, թե ՔՊ-ն պլանավորում է հեռացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին և շրջանառվող լուրերին առ այն, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պլանավորում է հեռացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Նա հերքեց Վարդան Ղուկասյանին հեռացնելու մասին խոսակցությունները՝ շեշտելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նման սցենար չի գծում և չի պլանավորում։
Մարզպետը, մասնավորապես, ասաց. «Մենք նման սցենարներ չենք գծում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի բազմաթիվ համայնքներում իշխող կուսակցությունը չունի քաղաքապետ, և դրանից մենք ողբերգություն չենք ստեղծում։ Մեր գլխավոր նպատակը արդար ընտրությունների անցկացումն է, որպեսզի ձևավորվի լեգիտիմ իշխանություն։ Մեր քայլերն ուղղված են բացառապես բնակչության շահերին»։
Անդրադառնալով Ղուկասյանի հայտարարություններին, թե ինքը քաղաքական հալածանքների է ենթարկվում՝ Շիրակի մարզպետը նշեց, որ Գյումրու քաղաքապետն ունի քաղաքական գնահատականներ տալու իրավունք։
«Սակայն հարց է առաջանում՝ արդյոք ռեպրեսիանե՞ր են տեղի ունենում։ Եթե ուզում ենք խոսել ռեպրեսիաներից, պետք է հետ նայենք անցյալին, երբ պարոն Ղուկասյանը՝ ընտրված քաղաքապետ լինելով, դիմում գրեց և լքեց պաշտոնը, կամ երբ հաջորդ ընտրություններում նրան թույլ չտվեցին մասնակցել։ Ահա այդ ժամանակ կարելի էր խոսել ճնշումների մասին։ Իսկ այսօր, երբ տեղի են ունեցել ընտրություններ, և ավագանու չորս ուժ միացել են ու քաղաքապետ են ընտրել, Կառավարությունը պարզապես իր ծրագրերն է շարունակում Գյումրիում։ Այստեղ որևէ բռնաճնշում չկա»,-ասաց Առուշանյանը։


