չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան

Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում քննարկել  նաև ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանն առ այն, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից և լրագրողի հարցին, թե դա արդյոք Ռուսաստանի մասի՞ն է, Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, որ վարչապետի այդ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, նման ինֆորմացիայի չի տիրապետում: «Կարծում եմ՝ եթե նման բան կա, դա, միգուցե, կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով»:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր՝ ՌԴ առաջիկա այցի ընթացքում քննարկելու է ՀԱՊԿ- ի հետ կապված հարցերը, Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը: «Դրանով Հայաստանը դիմել է, և մինչև օրս, եթե ես չեմ սխալվում, մենք պատասխան չունենք: Նույնիսկ «չէ» չունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ եկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը՝ Սիմոնյանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Բայց միևնույն ժամանակ սա խաղ ու պար չէ, որ մենք արագ ինչ-որ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու, հետո ինչ է դրան հետևելու: Բայց, այն, որ խնդիր կա, միանշանակ, ես դրա մասին խոսելու եմ»,-ասաց նա:

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, Սիմոնյանը նշեց․ «Այն բոլոր մարդիկ, ովքեր խաղաղության օրակարգի վերաբերյալ բացասական կարծիքներ են առաջարկում, իրենց այլընտրանքը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից ծով Հայաստա՞ն։ Կա՞ մեկը, ով կարող է մեզ առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք հաճախ սիրում ենք ասել՝ որ մտնելու ենք, գրավենք, ծովից ծով Հայաստան և այլն, ես դրանց լուրջ չեմ վերաբերվում։ Ժամանակակից աշխարհում չենք կարող հարևանների նկատմամբ անել  ռազմատենչ հայտարարություններ  և ունենալ տարածքային պահանջներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

  • Կիսվել: