շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շատ դժվար է մարդկանց բացատրել, որ իրենց զավակը զոհվել է հանուն ապագա խաղաղության․ Փաշինյան

Շատ դժվար է մարդկանց բացատրել, որ իրենց զավակը զոհվել է հանուն ապագա խաղաղության․ Փաշինյան

Պատերազմը բոլոր դեպքերում սխալ է, այսինքն եթե կա պատերազմ՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել, կամ մի քանի հոգի են ինչ-որ բան սխալ արել։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ որդեկորուս մայրերից մեկն իր որդու մահվան մեջ մեղադրում էր քաղաքական գործիչներին, ովքեր սովորել են դիվանագիտության արվեստը, բայց ընկել էին պատերազմի թակարդը, և միաժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք իր առաքելությունը պատերազմ հաղթե՞լն է, թե՞ բանակցելը հանուն խաղաղության։

 

«Եթե մյուս կողմից նայենք, իրականում ի՞նչն է դառնում պատերազմի պատճառը, պատերազմի պատճառը խաղաղությունը պահպանելու կամ երկարաժամկետ խաղաղության հասնելու անհնարինությունից է ծագում։ Իսկ այդ անհնարինությունն ինչքանո՞վ է իրական, ինչքանո՞վ է անկեղծ, ինչքանո՞վ է օրիգինալ, դա մյուս հարցն է։

 

Դուք խոսում եք ծնողի մասին, մայրիկի մասին, ով խոսում է քաղաքական գործիչների մասին: Ես, իհարկե, հասկանում և ընդունում եմ, և որևէ կերպ չեմ վիճարկում զոհված զինվորի մոր, կնոջ, երեխայի որևէ ասած։ Բայց մենք մոռանում ենք մի հանգամանք, որ քաղաքական գործիչներն էլ են մարդիկ, այնպես չէ, որ նրանք ինչ-որ առանձին գենետիկ վերարտադրությամբ արտադրվող այդպիսի տեսակ են։ Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ է պատերազմում եղել, և այո՛, Դուք հիմա մի հարց եք առաջադրում, որը շատ լուրջ է, որն իհարկե լեգիտիմ հարց է, բայց կարծում եմ՝ այդտեղ շատ խորքեր կան։

 

Մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում խոսել է պատերազմները շրջանցելու, պատերազմներ թույլ չտալու, խաղաղության հասնելու մասին։ Եվ ենթադրենք՝ այս շենքում են վատ քաղաքական գործիչներ, իսկ աշխարհի այն մյուս հազարավոր ուրիշ շենքերո՞ւմ։ Դրա համար շատ հեշտ բացատրություն է՝ կան մարդիկ և կան քաղաքական գործիչներ: Ահա այս վատ քաղաքական գործիչները թույլ չեն տալիս, որ մարդիկ լավ ապրեն, որը ճիշտ է մեծ հաշվով, մի տարընթերցմամբ՝ հաջորդ պահին, մանավանդ ժողովրդավարական հասարակության մեջ, կարող են տեղերով փոխվել՝ քաղաքական գործիչը կարող է դառնալ մարդ, մարդը կարող է դառնալ քաղաքական գործիչ և իշխանավոր, և խնդիրն այն է, որ այդ ցիկլերը հազարավոր տարիներ կրկնվում են», - նշել է վարչապետը։

Հարցին, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում արդյոք հնարավոր կլինի այսքան ցավի մեջ այն իրագործել ու սկսել հայերի ու ադրբեջանցիների երիտասարդների երկխոսությունը, թե՞ ընդհակառակը, խաղաղությունը պետք է կառուցվի ներքևից դեպի վերև, Փաշինյանը պատասխանեց, որ հավատում է դրան։

«Ես ուզում եմ իմ խոսքին ի շարունակություն հետևյալ մի նյուանսի վրա Ձեր ուշադրությունը հրավիրել։ Քաղաքական գործիչներն իրականում և՛ հանրային տրամադրություններ ստեղծողներ են, և՛ հանրային տրամադրություններ կրողներ են, և՛ հանրային տրամադրության վրա ազդողներ են, և հանրային տրամադրությունից ազդվողներ են։ Դա շատ բարդ համակարգ է, բայց քանի որ Դուք խոսեցիք երիտասարդության մասին, հիշում եմ 2018 թվականին ես մի այդպիսի գաղափար առաջ քաշեցի։ Ես տեսնում էի, թե սոցիալական ցանցերում հայ և ադրբեջանցի օգտատերերն ինչպիսի ագրեսիվ բառամթերք են օգտագործում։ Եվ իմ հրապարակային ասուլիսներից մեկում կոչ արեցի, որպեսզի սոցիալական ցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերը, որոնք հիմնականում յութուբում նույն տեսանյութի տակ մեկնաբանություններ էին գրում, որպեսզի այդ հարթակն օգտագործեն խոսելու, ոչ թե հայհոյելու համար։ Ես կոչ արեցի այդ ժամանակ, բայց այդ կոչն, իհարկե, ինչպես հետո պարզվեց, բավարար արդյունք չեղավ կամ գուցե մենք բավարար հետևողականությամբ չաշխատեցինք այդ ուղղությամբ։

Պատերազմի տրամաբանության մեջ, ես ուզում եմ հետևյալն ասել, որ մենք երբեք չպետք է մոռանանք, պայմանական ասած, առաջին արյունի գործոնը, երբ որևէ տեղ զոհ է եղել, արյուն է հեղվել, սա շատ խորը հոգեբանական, սոցիալական, հանրային և քաղաքական պահ է։ Շատ դժվար է և՛ հանրության, և՛ քաղաքական գործիչների համար, իրականում այդպիսի բաժանում չկա։ Ես էլի եմ ասում, միշտ իմացեք, որ այո՛, քաղաքական գործիչներն ազդում են հանրության տրամադրության վրա, բայց ազդվում են նաև հանրության տրամադրությունից և հակառակը։ Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել: Սա բոլոր տեղերում այդ պրոբլեմը կա ու երբեք այդ պրոբլեմը մի տեղ, մի կողմից չէ։

Տեսեք, Դուք խոսում եք զոհվածի մոր մասին, պատկերացրեք, թե դա ակնհայտորեն ինչ կարևոր գործոն է, որ Դուք հիմա մեր զրույցում դա դարձրել եք քննարկման նյութ։ Բայց դրանից առաջ կամ դրանից հետո էլ կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի, ոչ մեկ չի կարող տալ, երբեք։ Եվ այս հարցն իմացեք՝ ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է։ Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է», - հավելեց նա։

Հարցին՝ արդյո՞ք երկրի հետ կատարվածի պատճառով ինքը կորցնում է քունը և դիտարկմանը, որ հավանաբար այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքն իրեն հանգիստ չի տալիս, Փաշինյանը դրական պատասխանեց․

«Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը մի պահ մի կողմ դնել և զբաղվել ուղղակի առօրյա աշխատանքով»։

Պատասխանելով հարցին՝ ունի արդյոք որևէ ուղերձ ուղղված Ադրբեջանի ժողովրդին, Փաշինյանն ընդգծեց, որ կարծում է՝ դա լավ ժանր չէ, որովհետև երբ երկու քաղաքական գործիչներ խոսում են իրար հետ, ըստ էության, խոսում են երկու ժողովուրդներ, որովհետև մի կողմից խոսում է այդ ժողովրդի կողմից ընտրվածը, այս կողմից խոսում է այս ժողովրդի կողմից ընտրվածը։

«Հետևաբար, այն՝ ինչ մենք խոսում ենք, իհարկե միջազգային հարթակ է, դա նաև ուղղված է այդ ժողովրդին, բայց եթե որևէ բան կա ասելու, կարելի է ասել այն, ինչ ես առաջին վայրկյանից ասում էի՝ ուղղված էր նաև Ադրբեջանի ժողովրդին։ Նման դեպքերում կան հերթապահ նախադասություններ՝ասում են, որ մենք երկար ժամանակ ապրել ենք այստեղ և դեռ երկար ժամանակ պետք է ապրենք, կարծում եմ բոլոր խոսքերն ասված են։ Իմիջիայլոց, կա թերևս մի բան, որն ուղղված է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը, որովհետև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից։ Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ և խաղաղություն, ճկունություն և հմտություն այդ պահանջը իրականացնելու», - եզրափակեց նա։

  • Կիսվել: