հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերժանտին փակել են բնակարանում եւ սպառնացել․ դիմում իրավապահներին

Սերժանտին փակել են բնակարանում եւ սպառնացել․ դիմում իրավապահներին

Ուշագրավ միջադեպ է գրանցվել «Վանաձոր» ՔԿՀ մասնագետ, արդարադատության կրտսեր սերժանտ Վահե Մուրադյանի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության սերժանտը դիմել է իրավապահներին եւ պատմել, թե ինչպես են իրեն փակել Մոսկովյան փողոցի 32 շենքի 5-րդ հարկի բնակարանում եւ 1.000.000 դրամ պահանջել, գրում է Aarmlur.am-ը։

Այն, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները պարբերաբար հայտնվում են իրավապահների տեսադաշտում, գաղտնիք չէ ոչ ոքի: Դեռեւս 2017 թվականին ԱԱԾ-ն բացահայտել է, որ քրեակատարողականի հիմնարկի պետը, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար կաշառք են պահանջել, որի դիմաց նրանց արտոնյալ կարգավիճակ են տվել: Այս գործով անգամ կալանավորվել էր ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը, որին ավելի ուշ ազատ են արձակել, իսկ գործով դատական նիստերը դեռեւս շարունակվում են: Եվ, ահա, բանը հասել է այնտեղ, որ հիմա «Վանաձոր» ՔԿՀ արդարադատության կրտսեր սերժանտն է հայտնվել աղմկալի միջադեպի կիզակետում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի մարտի 27-ին՝ ժ. 21.40-ին, «Վանաձոր» ՔԿՀ կրտսեր մասնագետ, արդարադատության կրտսեր սերժանտ Վահե Մուրադյանը Ազգային անվտանգության ծառայություն եւ ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին:

Մասնավորապես, նա իրավապահներին հայտնել է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ համացանցի «Համադասարանցիներ» սոցկայքով ծանոթացել է «Regina Queen» տվյալներով գրանցված Արգինա ներկայացած անձի հետ եւ մարտի 27-ին՝ ժ.15.00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն որոշել են հանդիպել: Արդարադատության կրտսեր սերժանտի եւ Արգինայի հանդիպումը կայացել է Մոսկովյան փողոցի 32 շենքի 5-րդ հարկի բնակարանում: Ահա այստեղից էլ սկսվել է անսպասելին:

Ըստ արդարադատության կրտսեր սերժանտի պատմածի՝ Արգինան եւ մի անծանոթ տղա փակել են բնակարանի մուտքի դուռը, տարբեր սպառնալիքներ են հնչեցրել, ասել են, թե, իբր, ձայնագրություններ ունեն իր կյանքի եւ գործունեության մասին, ուստի այն չհրապարակելու համար պետք է մարտի 30-ին իրենց տա 1 մլն դրամ: Ավելին, նույն սպառնալիքի տակ իր մոտից խլել են 10.000 դրամ, մոտ 500 դրամի մետաղադրամներ, ծառայողական վկայականը:

 

Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են` Արգինան հանդիսանում է Արգինա Կռոյանը, իրավապահները նրան բերման են ենթարկել ոստիկանություն: Սակայն երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս չեն հայտնաբերել այն անձին, որ Արգինա Կռոյանի հետ արդարադատության կրտսեր սերժանտին փակել է բնակարանի մեջ եւ սպառնալիքներով գումար պահանջել: Ստացվում է, որ մեր երկրում կա կազմակերպված խումբ. աղջիկները սոցիալական ցանցի միջոցով պայմանավորվում են հանդիպել տղաների հետ, տանելով կոնկրետ բնակության հասցե՝ նրանից գումար են շորթում: Չի բացառվում, որ սա միակ դեպքը չէ, ուստի պետք է սպասենք իրավապահների բացահայտումներին:

Ինչեւէ, մեզ հայտնի դարձավ, որ ձեռնարկում են միջոցառումներ կնոջ հետ նույն բնակարանում գտնվող տղամարդու ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ մարտի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 182 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով) եւ 2-րդ մասի 3.1 կետով:
Հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: