Սերժ Սարգսյանը փորձում է վերադառնալ նոր իմիջով, դրական կերպարով․ Քաղաքագետ
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը երեկ տեղի ունեցած ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի ժամ տևած ասուլիսից տպավորություն է ստացել, որ ՀՀԿ-ն և Սարգսյանը րեբրենդինգ են ապրում, փորձում են հանդես գալ նոր իմիջով։
«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն փորձում են րեբրենդինգի ենթարկվել դասեր են քաղել իրենց սխալներից և շատ լավ պատրաստված ասուլիս էին կազմակերպել։ Երևում էր, որ բոլոր հնարավոր հարցերին մանրամասն պատրաստվել էր և ակնհայտ է, որ փորձում է վերադարռնալ նոր իմիջով, նոր կերպարով», - InfoPort.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Ըստ քաղաքագետի, Սարգսյանի նախագահած քաղաքական ուժը փորձում է Սարգսյանի նոր կերպարով փոխել նրա շուրջ ձևավորված բացասական կարծիքը ու ձևավորել դրական իմիջ։ Այդուհանդերձ, ըստ Արմեն Վարդանյանի, այնպես չէ, որ հասարակությունը անմիջապես ընկալելու է Սարգսյանի նոր, դրական իմիջը։
«Բնականաբար, հանրության մի ճնշող մասը դեռևս չի ընդունելու Սարգսյանի պատճառաբանությունները, քանի որ հանրությունը դեռ երկար ժամանակ չի մոռանա նրա իշխանության տարիների կոռուպցիան, կրիմինալի և իշխանության սերտաճումն ու այլ բազմաթիվ արատավոր երևույթներ։ Իհարկե, դա միանգամից վերացնել չափազանց բարդ է լինելու։ Բայց ակնհայտ է, որ նրա հետ լուրջ աշխատանք են տարել քաղտեխնոլոգները», - հավելեց քաղաքագետը։
Դիտարկմանը, թե չեն շտապո՞ւմ Սարգսյանն ու իր թիմը՝ հաշվի առնելով այն, որ մարդկանց հիշողությունը դեռ թարմ է, Վարդանյանը արձագանքեց, որ նրանք հավանաբար նպատակ ունեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին և գոնե մի քանի մանդատ ունենալ խորհրդարանում։
«Հիմիկվանից նրանք փորձում են պատրաստվել երեք տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրություններին», -հավելեց Վարդանյանը։
Հարցին, թե որքա՞ն է գնահատում նրանց հեղինակությունը բարձրացնելու հնարավորությունը, Վարդանյանն ասաց՝ ցածր ու հավելեց․
«Բայց քաղաքականության մեջ ոչինչ չպետք է բացառել։ Երբ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսանը հրաժարական տվեց, եթե երկու տարի հետո փորձեր վերադառնալ, բնականաբար ունենալու էր շատ չնչին աջակցություն։ Բայց տասը տարի շարունակ նրա թիմը փոխում էր այն բոլոր բացասական կլիշեները, որոնք նրանց էին վերագրվում` ցուրտ ու մութ տարիներ և այլն։ Հասարակության մի մասը կարծես թե փոխեց իր դիրքորոշումը Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ, և մենք տեսանք, թե 2008-ին նա ինչպիսի ֆուրոռով վերադարձավ քաղաքականություն։ Այնպես որ ոչինչ չի կարելի բացառել»։


