ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերժ Սարգսյանն օգտվել է ԱԺ նախագահի համար նախատեսված առանձին մուտքից․ Արարատ Միրզոյան

Սերժ Սարգսյանն օգտվել է ԱԺ նախագահի համար նախատեսված առանձին մուտքից․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  գնահատում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հանձնաժողովի աշխատանքը լույս կսփռվի 2016թ-ի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների վրա, ԱԺ նախագահը նշեց. «Ես գիտեմ, որ քննիչ հանձնաժողովն իսկապես շատ լավ է աշխատում, բոլոր հնարավոր մանրամասների մեջ խորանում է այնքան, ինչքան դա հնարավոր է։ Հանձնաժողովի աշխատանքներին շատ մանրամասն տեղյակ չեմ, բայց, բնականաբար, ընդհանուր գծերով գիտեմ։ Կարող եմ հույս հայտնել, որ աշխատանքների ավարտից հետո, երբ ժամկետը սպառվի, հասարակությունն ամբողջական տեղեկատվություն կստանա»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, ինչո՞ւ ինքը ներկա չի եղել ապրիլի 16-ին Հանձնաժողովի նիստին հրավիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորմանը։ Արարատ Միրզոյանն ասաց, որ հանդիպումը եղել է մինչ ուշ երեկո։

«Հրավերը եղել է քննիչ հանձնաժողովի կողմից, վստահ եմ, որ հանձնաժողովը կազմակերպվել է և դիմավորումը, և ճանապարհումը: Եթե տեխնիկական մանրամասները հետաքրքիր են, ապա մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը՝ դարպասով, մեքենայով: Գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձին մուտք ու միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով ու միջանցքով անցնել: Այսինքն՝ ինչ անհրաժեշտ է եղել, արվել է»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ շուտով բոլոր հարցերին կպատասխանի, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես ինչ իմանամ, ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը։ Ամեն դեպքում Հայաստանն ազատ ու ժողովրդավար պետություն է, և ցանկացած ոք կարող է իր համար ցանկացած պահի հանդիպել լրատվամիջոցների հետ ու ներկայացնել իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ»։

Ինչ վերաբերում է Հանձանաժողողի բացահայտումներին, ԱԺ նախագահն ասաց, որ բացահատումներ արել են, պարզապես գնահատականի հարց է, թե ինչ տրամաչափի. «Եկեք սպասենք, տեսնենք։ Լսում են տարբեր մարդկանց, հետո պետք է անեն վերլուծություն, փաստեր համադրեն և եզրակացության գան»։

Դիտարկմանը, թե հանձնաժողովի աշխատանքն արդարացվա՞ծ է համարում, Միրզոյանը նկատեց, որ, իր կարծիքով, Հայաստանի պատմության վերջին 30 տարիների հետ կապված որևէ մութ հարց չպետք է մնա։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որում վերջինս առաջարկում էր կորոնավիրուսի համավարակի շրջանակում սառեցնել հանձնաժողովի աշխատանքները, Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ կարդացել է այդ տեքստը և այն դրական է համարում։

«ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է իր դիրքորոշումը հայտնել: Անշուշտ, չեմ թաքցնի, որ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր հեղինակություն, կշիռ ունեն: Խոսուն է այն փաստը, որ նա նախկին նախագահ է: Այս մարդկանց դիրքորոշումը մի քիչ ավելի շատ է ուշադրության արժանի: Կարդացել եմ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, բաներ կան կիսում եմ, բաներ կան՝ ոչ: Ես չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը շատ մտահոգիչ է: Չեմ կարծում, թե հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու անհրաժեշտություն կա: Անկեղծ ասած, օրենսդրական հնարավորություն էլ չկա դրա համար»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հանձնաժողով Յուրի Խաչատուրովի չներկայանալուն, ԱԺ նախագահն ասաց, որ իր կարծիքով վերջինս ճիշտ չէ արել, որ չի ներկայացել։

 

 

  • Կիսվել: