շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի խոշորացման պրոցեսը չշարունակվի․ վստահ եմ, թե ինչ որոշում պիտի կայացնի ՍԴ-ն․ Հերիքնազ Տիգրանյան

ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի խոշորացման պրոցեսը չշարունակվի․ վստահ եմ, թե ինչ որոշում պիտի կայացնի ՍԴ-ն․ Հերիքնազ Տիգրանյան

ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի խոշորացման պրոցեսը չշարունակվի և չընթանա, որովհետև դրանով գործընթացը չի կասեցվում։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխանական խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կողմից համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը ՍԴ-ում վիճարկելու փաստին։

Տիգրանյանը համաձայնեց, որ խոշորացումը ուղղակիորեն և անուղղակիորեն կապված է նաև համայնքներում ընտրական պրոցեսների հետ, բայց համոզմունք հայտնեց, որ գործընթացը բնականոն կգնա՝ մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը։

«Ես վստահ եմ, թե ինչ որոշում պիտի կայացնի ՍԴ-ն։ Հիմա, եթե բարձրաձայնեմ, պիտի ասեն՝ իշխանական պատգամավորը կանխակալ կարծիք է հայտնում հարցի վերաբերյալ, որը գտնվում է ՍԴ-ում, բայց, ամեն դեպքում, խոշորացման գործընթացը Հայաստանում նոր չէ, որ սկսվել է, և այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել։ Այդ նույն գործընթացները շարունակվում են, ուղղակի պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին՝ ամբողջ Հայաստանի խոշորացման համար», - ասաց Տիգրանյանը։

 
 

Նա հավելեց, որ «Հայաստան» խմբակցության պնդումը, թե համայնքների խոշորացման հարցի շուրջ հարցումներ ու տեղական հանրաքվեներ չեն անցկացվել, «այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը», իսկ խոշորացման վերաբերյալ օրենսդրությունը հակասահմանադրականության տարր չի պարունակում։

  • Կիսվել: