շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա. Պետդումայի ներկայացուցիչը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերի մասին

Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա. Պետդումայի ներկայացուցիչը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերի մասին

Երևանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով տեղի ունեցած ցույցերը հավանաբար կազմակերպել են ԱՄՆ ոչ առևտրային կազմակերպությունները՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ՀԿ-ների կողմից, և, ցավոք, դրանք շատ են: Բնականաբար, Փելոսիի ժամանումը կանխատեսել էին այն ուժերը, որոնք այսօր դուրս են եկել ցույցերի:

Վոդոլացկիի խոսքով՝ Հայաստանում մեծ թվով հայրենակիցներ են ապրում, և երկրում իրավիճակը ՛՛անգլո-սաքսոնների և Փելոսիի օգտին չէ՛՛:

Չնայած դրան՝ նա կոչ է արել ԱՊՀ բոլոր կառույցներին ավելի ակտիվ աշխատել իրենց հայ գործընկերների հետ. ՛՛Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա: Հաշվի առնելով, որ այնտեղ ակտիվ աշխատում են ամերիկյան դեսպանատունը և հասարակական կազմակերպությունները՝ բոլորս՝ ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ն և առաջին հերթին ԱՊՀ կառույցները՝ սկսած մեր հանձնաժողովից, վերջացրած բոլոր Եվրասիական հանձնաժողովներով, ավելի սերտ և ակտիվ աշխատենք Հայաստանում մեր գործընկերների հետ և լավ, բարի առաջարկներ անենք՝ կոտրելու այն իրավիճակը, որն այսօր այնտեղ ձևավորվում է՛՛:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Նենսի Փելոսին ժամանել է Հայաստան, որտեղ կմնա մինչև սեպտեմբերի 19-ը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկացմամբ՝ այցի ընթացքում նա կհանդիպի երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և անվտանգության ներկա իրավիճակը։

Հավելենք նաև, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ Ազատության հրապարակում կազմակերպել էին բողոքի ցույց՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով։

  • Կիսվել: