հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին

Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա:

Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հրադադարը խախտում է ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև թիրախավորում է հայկական դիրքերը, նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի ներսում: Սա հստակ հարձակում է սուվերեն երկրի վրա, հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա»:

Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության ապահովմամբ, մի քանի անգամ առաջարկել է աշխատել միասին, դեէսկալացնել իրավիճակը, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա խախտել հրադադարը: Բայց այն, ինչ Ադրբեջանն անում է, միանագամայն հակառակն է:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ավելի վաղ` 2021-ի նոյեմբերին համաձայնության էին եկել՝ սահմանին անվտանգության ապահովման առումով: Բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռնարկել այդ անվտանգության ապահովման միջոցառումները:

«Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը հստակ ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կառուցեն անվտանգություն, քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու լարվածությունը սահմանին: Բայց Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ եռակողմ հայտարարությունը»,-նշել է Գևորգյանը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

 

  • Կիսվել: