ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս հրապարակում կան մարդիկ, որ ինձ համար անընդունելի են, իրենց այստեղ գտնվելը ես համարում եմ հարված շարժմանը. Արթուր Վանեցյան

Այս հրապարակում կան մարդիկ, որ ինձ համար անընդունելի են, իրենց այստեղ գտնվելը ես համարում եմ հարված շարժմանը. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը armlur.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե շատերի կողմից պահանջվող գործողությունները կարող են բերել շարժման մարմանը։

«Օրինակ, եթե մենք գնանք ու ենթադրենք կառավարության կամ Ազգային ժողովի շենքը, ինչ է դա մեզ տալու։ Դա իշխանություններին հնարավորություն է տալու ձերբակալել շարժման առաջնորդներին, բազմաթիվ քաղաքացիների և շարժումը կասեցնել։ Մենք իրավունք չունենք թույլ տալու նման  գործողություններ», - ասել է Արթուր Վանեցյանը։

Նա նաև նշել է, թե եթե հասկանան, որ արդեն հասել է ծայրահեղ պահը, որ դիմեն նման քայլերի, կդիմեն.

«Մենք ոչ վախենում, հապաղում ենք, այլ հասկանում ենք, որ պետք է փորձենք անել ամեն ինչ, որ այս գործընթացը տեղավորվի օրենքների շրջանակում։ Այս շարժումն ունի իր հստակ ծրագիրը սկզբից մինչև վերջ, մենք այդ ծրագրով շարժվում ենք, մարդիկ ունեն կոնսենսուս, որ այս իշխանություններն օր առաջ պետք է հեռանան, բայց այս ամեն ինչը պետք է ճիշտ ձևով «փաթեթավորել» և գնալ առաջ։ Մենք դա անելու ենք, հավատացեք»։

Ինչ վերաբերում է նրան, թե վարչապետի հստակ թեկնածուների անուններ չեն նշվում, Արթուր Վանեցյանն ասել է.

«Մենք ասել ենք՝ կառավարությունը, որը պետք է ձևավորվի, և այն մարդիկ, ովքեր իշխանափոխությունից հետո պետք է լծվեն աշխատանքի, պետք է լինեն 250-ի չափ մարդիկ, պրոֆեսիոնալներ՝ յուրաքանչյուրն իր ոլորտում, որոնք կկարողանան երկիրը դնել ճիշտ զարգացման ուղու վրա»։

Ինչ վերաբերում վարչապետի թեկնածունին, Վանեցյանը հիշեցրել է Իշխան Սաղաթելյանի ելույթը, ոփրտեղ հստակ նշվում էր, թե ով չի կարող լինել վարչապետ։ 

«Վարչապետ չի կարող լինել այն մարդը, ով նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն, պաշտոնի հաշվին հարստացել է, հասարակության մեջ ունի ոչ լավ համբավ և այլն։ Թե ով կլինի վարչապետ, հավատացեք, այս պահին էլի ծուղակ է, որը լարվումէ  իշխանությունների կողմից, մտցվում է մարդկանց ենթագիտակցության մեջ։ Մենք ասել ենք, որ այս շարժումը չունի առաջնորդներ, կուսակցական պատկանելություն։ Այս շարժումը համաժողովրդական, համազգային շարժում է և մենք շարժվելու ենք այդ տրամաբանությամբ։ Ժամանակի հարց է, առաջիկա օրերին ամեն ինչի մասին կխոսենք։ Կարող եմ ասել միայն մի բան, որ այսօր հրապարակում գտնվող ընդդիմությունն ունի լրջագույն կադրային բազա, և յուրաքանչյուր պաշտոնի համար կարղ ենք առաջադրել առնվազն 3-4 թեկնածու» , - ասել է Արթուր Վանեցյանը։

 

Դիտարկմանը, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կարող է լինել ընդդիմության վարչապետի թեկնածուն, Արթուր Վանեցյանն ասել է.

«Գնդակն Արման Թաթոյանի դաշտում է։ Այդ առաջարկը օդում կա, մեր կողմից չի արված, բայց ով կլինի այն մարդը, որը կլինի առաջնորդը և հետագայում կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որոշվելու է այս հրապարակում։ Եթե պարոն Թաթոյանը ցանկություն ունի մտնել ակտիվ քաղաքական գործունեության մեջ, պետք է գա այս հրապարակ և սկսի իր գործունեությունը։ Եթե չի ուզում գալ հրապարակ, կարող է ուրիշ տեղ սկսել։ Ես ասում եմ, որ մենք որևէ մեկին չենք արգելում գալ հրապարակ, այն հայ ժողովրդինն է։ Ինձ համար միևնույն է, ով կկարողանա գալ և ստանձնել այդ պատասխանատվությունը, և բոլորս կորոշենք, որ այս գործընթացում կարող են օգուտ տալ, թող գան։ Ասեմ նաև, որ այս հրապարակում կան մարդիկ, որ իմ համար անընդունելի են, իրենց այստեղ գտնվելը ես համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց մենք չենք կարող ասել, թե դուք գնացեք այստեղից։ Եթե սա լիներ «Հայրենիք» կուսակցության կամ «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցության միջոցառումը, մենք կկարողանային ասել, թե սա մեր միջոցառումն է, գնացեք այստեղից։ Բայց սա համազգային շարժում է։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք հարթակից ելույթ ունեցող մարդկանց համար, մնացածն ազատ են»։

  • Կիսվել: