ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել․ նախագահ

Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել․ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը. 

Sputnik Արմենիա- Աշնան պատերազմը կտրուկ փոխեց իրավիճակը Ղարաբաղի շուրջ: Սակայն, ըստ էության, գլոբալ առումով, Բաքվի հետ հակամարտությունն այդպես էլ չի լուծվել: ԼՂՀ-ն շարունակում է մնալ չճանաչված: Մնացել են գրավված տարածքներ և անկլավներ հյուսիսում և հարավում: Ներկա, նոր կամ նորացված իշխանությունները մի օր կլուծե՞ն այս խնդիրները:

- Ես բազմիցս ասել եմ, որ այս հակամարտության վերջնական լուծումը հնարավոր է միայն դրա հիմնական պատճառները վերլուծելուց և դրանց հետևանքները հաղթահարելուց հետո: Եվ այդ պատճառները բազմաշերտ են: Փաստն այն է, որ վաղ շրջանի խորհրդային ղեկավարության ոչ հասուն և անհեռատես ազգային-աշխարհագրական քաղաքականությունը դանդաղ գործող ռումբ ստեղծեց: Այն պայթեց 1980-ականների վերջին ու հանգեցրեց հայ բնակչության էթնիկ զտման և արյունալի պատերազմի: Կարևոր է հասկանալ, որ պատերազմը հայկական կողմի ընտրությունը չէր. այն պարտադրված էր Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Անկախությունը նույնպես արցախահայության պարզ ցանկությունը չէր. այն դարձավ մի կողմից գոյապահպանության անվիճելի գործիք, մյուս կողմից ՝ հնարավոր ադրբեջանական ագրեսիան զսպելու երաշխիք: Ինչպե՞ս է հնարավոր գտնել կարգավորման իրական մոդելներ` առանց հաշվի առնելու այս էական խնդիրները: Ի դեպ, այդ մասին հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ընդգծելով պատմական առանձնահատկություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը, ներառյալ՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Sputnik Արմենիա- Հայկական պետության առաջին դեմքերի շարքում Դուք առավել փորձառու քաղաքական գործիչն եք, ով ճանաչված ու հարգված է Ռուսաստանում: Ըստ Ձեզ՝ այսօր ի՞նչն է պակասում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում:

- Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա: Օրինակ՝ առաջին առաքելությունը, ըստ իս, մեր տարածաշրջանում, Մեծ Եվրասիայում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար պայմանների ստեղծումն է:

Հայ և ռուս ժողովուրդներն անցել են բազում պատմական փորձությունների միջով՝ ներառյալ երկու համաշխարհային պատերազմներ, և այդ պատճառով է, որ ամենաշատն են շահագրգռված միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցմամբ, որը կկարողանա համարժեքորեն արձագանքել վերահաս մարտահրավերներին և սպառնալիքներին:

Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ պետականության՝ հնուց եկող ավանդույթներով, Հայաստանը ոչ մեծ պետություն է, որն ունի հսկայական ներուժ: Խոսքը Սփյուռքի մասին է, որը չափազանց լավ է ինտեգրված աշխարհի շատ երկրների՝ հասարակական, քաղաքական կյանքին՝ Մոսկվայից, Սան Ֆրանցիսկոյից մինչև Կանբերա ․․․ Ասեմ ավելին, աշխարհը թևակոխում է մի դարաշրջան, երբ առաջին պլան դուրս կգան ցանցային պետությունները, և Հայաստանն այդպիսին դառնալու համար ունի բոլոր հնարավորությունները:

Իր հերթին Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել: Առաջինը թույլ և ծայրաստիճան կախված երկիր է, որտեղ անընդհատ պայքար է ազդեցության նեղ խմբերի, լիբերալների, ազգայնականների, արմատականների և պոպուլիստների միջև, ովքեր փնտրում են իրենց «մեծ եղբոր» բարեհաճությունը: Երկրորդն ուժեղ Հայաստանն է, որն իր բոլոր ռեսուրսներն ու ներուժն օգտագործում է իր հեղինակությունն ու իր դաշնակցին ուժեղացնելու և իր շահերն առաջ տանելու համար: Սակայն դա արդարացի է միայն այն դեպքում, եթե երկուսն էլ իրենց դաշնակցի շահերի պաշտպանությունն ընկալեն որպես իրենց սեփականը: Եվ նաև՝ երբ այդ հարաբերությունները հիմնված են վստահության և կանխատեսելիության վրա:

  • Կիսվել: