Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից՝ չնայած ՀՀ-ի հետ համաշխարհային տերությունների խաղերին. Տոկարև
Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է ռուս սոցիոլոգ, միջազգայնագետ Ալեքսեյ Տոկարեւը։
«Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից, պարզապես այն պատճառով, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազգային շահերի գոտին է։ Չնայած առանձին պետություններ, այդ թվում համաշխարհային տերությունները, փորձում են Ռուսաստանին դուրս մղել այստեղից, փորձում են խաղեր տալ, այդ թվում եւ Հայաստանի հետ, Ռուսաստանն այստեղից ոչ մի տեղ չի գնա, պարզապես այն պատճառով, որ սա մեր ազգային շահերի տարածքն է»,- ասել է ռուս փորձագետը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգին, ըստ Ալեքսեյ Տոկարեւի՝ այստեղ անհետացել են այն ձեւաչափերը, որոնք Արեւմուտքի հետ կոնսենսուսն էին՝ Ղարաբաղի եւ Մերձդնեստրի։
«Ղարաբաղի մասին ասվում էր, որ Ռուսաստանը կողմնորոշված է այդ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, եւ հիշատակվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի նախագահի, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի եւ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները։ Մերձնեստրի վերաբերյալ անհետացել է Մոլդովայի չեզոքության հիշատակումը եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության հարգումը»,- նշել է միջազգայնագետը։
Նրա խոսքով՝ Մոլդովայի համար սա տագնապալի ազդանշան է, եւ «ավելի լավ է, որ նրանք, իհարկե, պաշտոնապես հայտարարեն, եւ դա օգտակար կլիներ իրենց համար, որ պահպանում են իրենց չեզոքությունը եւ չեն ցանկանում գնալ ՆԱՏՕ»։
Այս առնչությամբ Ալեքսեյ Տոկարեւը նշել է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած հրավեր հետխորհրդային տարածք, օրինակ՝ զորավարժությունները ՆԱՏՕ-ի հետ, թրիգեր է Ռուսաստանի համար։
«Ես չգիտեմ՝ կհաստատվի՞, թե՞ արդեն հաստատվել է, որ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, մենք ոչ մի դեպքում, ոչ ես, ոչ գործընկերներս, ոչ, հաստատ, պաշտոնական անձինք, չենք կարող արգելել դա, որովհետեւ Հայաստանն ինքնիշխան երկիր է, բայց թե դա ինչպես կընդունվի Մոսկվայում, ես կարող եմ ասել, որ դա վրդովեցնում է, իհարկե։ Եվ ՆԱՏՕ-ն դա գիտի, եւ ես կարծում եմ՝ հայկական ղեկավարությունը դա հիանալի գիտի»,- ընդգծել է ռուս փորձագետը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից, միջազգայնագետի խոսքով՝ Կովկասը, Անդրկովկասը, Հարավային Կովկասն արդեն մի քանի հարյուր տարի՝ երբեմն Ռուսաստանի անմիջական մասն է, երբեմն՝ ռուսական շահերի ոչ ֆորմալ մասը։
Ինչ-որ բան չեմ տեսնում, որպեսզի Ռուսաստանը հանկարծ հրաժարվի իր ազգային շահերից։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Սա այն է, ինչն այստեղ, այդ թվում մեդիա-միջավայրում, ցավոք, հաճախ ենթարկվում է կասկածի, ծաղրվում է, բայց այդ իրողության ծաղրումից այն չի դադարում իրողություն լինել»,- ընդգծել է Ալեքսեյ Տոկարեւը։



