հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում: Այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր լեզու գտնելու, փոխընդունելի հիմնարար սկզբունքների, խաղաղության համաձայնագրի պարամետրերի հասնելու համար», - ասել է նա։

Զախարովայի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը նույնպես Ռուսաստանի միջնորդական ջանքերի կարևոր ուղղություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության բարելավման ուղղությամբ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Մոսկվայի խորհրդատվական դերն այս գործընթացում արձանագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ։

«Մեր կողմից մենք միշտ պատրաստ ենք ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին Ռուսաստանի տարածքում: Համոզված ենք, որ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանագծման առումով մեր երկրի եզակի մասնագիտական հնարավորություններն ու կարողությունները կարող են զգալիորեն ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ընդհանուր առմամբ տարածաշրջանում»,- ասել է նա։

Ռուսաստանը, ըստ Զախարովայի, ելնում է նրանից, որ Երևանն ու Բաքուն կորոշեն որոշակի միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները։ 

  • Կիսվել: