ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանին չեք հարցրե՞լ, թե ինչու չեն կատարում իրենց պարտավորությունները. Հարց ԱԳ փոխնախարարին

Ռուսաստանին չեք հարցրե՞լ, թե ինչու չեն կատարում իրենց պարտավորությունները. Հարց ԱԳ փոխնախարարին

Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը դեռեւս 1991-ին Ալմաթիի հռչակագրով եւ դրան հետեւած պրոտոկոլով են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այդ փաստաթղթի մաս է եղել նաեւ ՌԴ-ն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից հնչող պաշտոնական տեսակետներին, որ եթե Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, այդ դեպքում ի՞նչ են ուզում Ռուսաստանից:

«Այն գործառույթները, որ ՌԴ-ն ստանձնել է ԼՂ-ում անվտանգության ապահովման համար, դրանք ստանձնել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի տակ դրված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրությունները»,-ընդգծեց փոխնախարարը:

Հարցին, թե Ռուսաստանին չեն հարցրե՞լ, թե ինչու չեն կատարում իրենց պարտավորությունները, նա պատասխանեց. «Մենք էլ շատ մեծ ցանկություն ունենք… 

Երբ ես նշում եմ, որ ռուսական կողմի հետ տեղի են ունենում շատ բաց ու անկեղծ քննարկումներ, այդ հարցը նույնպես բարձրաձայնվում է»:

Ինչ վերաբերում է նրան, որ առաջարկվում է Լաչինի միջանցքը եւ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացել միաժամանակ, Վահան Կոստանյանն ասաց. «Լաչինի միջանցքը պետք է բացվի համաձայն ՄԱԿ-ի արդարադատության դատարանի երկու որոշումների, որոնք Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել: Բացի դրանից եղել են բազմաթիվ ուղերձներ միջազգային կազմակերպությունների, տարբեր պետությունների կողմից, ԵՄ անդամ երկրների կողմից,ՄԱԿ-ի ԱԽ երկու արտահերթ նիստերի ժամանակ ՄԱԿ  ԱԽ անդամ պետությունների կողմից: Մինչ այս պահը Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում, արհամարհում է միջազգային հանրության ուղիղ կոչերը: Ադրբեջանի կողմից նման քայլերը մեզ հիմք են տալիս ունենալ կասկածներ, որ Ադրբեջանը ԼՂ-ում փորձում է էթնիկ զտումներ իրականացնել, իսկ նման պարագայում միջազգային հանրությունը շատ հստակ պարտավորություններ ունի ցեղասպանությունների կանխարգելման կոնտեքստում»:

  • Կիսվել: