երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ռուսաստանի իշխանությունը «քցել է» Հայաստանին ու հայ ժողովրդին. Մենք էլ նաիվ երեխայի պես հավատացել ենք. Ալեն Սիմոնյան

Ռուսաստանի իշխանությունը «քցել է» Հայաստանին ու հայ ժողովրդին. Մենք էլ նաիվ երեխայի պես հավատացել ենք. Ալեն Սիմոնյան

Ես ծանոթ չեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը եւ մեր ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստում որեւէ կերպ մեկնաբանել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ հայկական պատվիրակության Բուչա այցից հետո՝ այն համարելով «ոչ բարեկամական քայլ»:

Ալեն Սիմոնյանը նաեւ հեգնանքով հարցրեց՝ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Նոր Նորքի թաղապետարանի՞ն:

«Ոչ բարեկամական գործողությունների մասով թող 2020 թվականից հետո իրենք իրենց գործողությունները նայեն: Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել: Երեխայի նաիվությամբ հավատացել է, հույս է ունեցել մինչեւ վերջին պահը, որ ՌԴ-ն Հայաստանին մենակ չի թողնի, Հայաստանին ու հայ ժողովրդին «չի քցի»: Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանի իշխանությունը «քցել է»: Հազար ներողություն այս բառի համար: Մեզ խաբել են, թողել են միայնակ:

Ես թեթեւ զարմանքով ու նախանձով էի նայում, թե ինչպես Իսրայելի ուղղությամբ հազարավոր հրթիռներ գնացին, թե ինչպես նավատորմ մոտեցավ Իսրայելի սահմաններին եւ սկսեց խոցել Իսրայելի վրա ընկնող հրթիռները: Ինքնաթիռներ բարձրացան Կիպրոսից եւ սկսեցին Իսրայելին օգնել որպես դաշնակից: Ես չգիտեմ, 44-օրվա ընթացքում, էլ չեմ խոսում այն մասին, թե արդյոք արժեր թույլ տալ, որ այդ պատերազմը լիներ, արդյոք ՌԴ-ն 2020-ին այդքան թույլ էր, որ թույլ տվեց, որ մտնեն մեր երեխեքին կոտորեն: Արդյոք Կասպից ծովում մի հատ նավ չկար, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին: Կա՞ր, թե՞ չկար: Էլ չեմ խոսում այն մասին, որ ողջ պատերազմի ընթացքում նաիվ երեխաների պես հույս ունեինք, որ ինչ-որ բան ինչ-որ ձեւով կարող ենք կանգնեցնել, բոլոր հնարավոր  տարբերակները փորձել ենք եւ նույնիսկ պատերազմից հետո շատ երկար  ժամանակ, ի հեճուկս նրա, որ հայտարարվել է, որ դա Ադրբեջանի տարածք է, մենք շարունակել ենք ամեն ինչ անել, որ կանգնեցնենք այդ պրոցեսը: Եվ Ռուսաստանն այլընտրանք Հայաստանին, քան ինքնուրույն փորձել իրեն պաշտպանել, չի թողել:

Հիմա իրեն պաշտպանելու այդ փորձը ներկայացնել որպես ոչ բարիդրացիական վերաբերմունք, արդար չէ: Այսինքն մենք պետք է գնայինք ոչնչանայի՞նք: Պլանն էլ հենց դա էր»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի նոտային ինչ է հաջորդելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես չգիտեմ»:

Հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանը մեզ մենակ թողեց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետեւ նախապատրաստում էր գնում Ուկրաինայի պատերազմի, եւ Սիրիայում ինքնաթիռ խփելուց հետո մեծ գործարք տեղի ունեցավ Թուրքիայի հետ, որի վերջնական նպատակն էր այս տարածաշրջանում ունենալ հնարավորություն հնարավոր սանկցիաները շրջանցելու: Կամ գին էր, որ հայերը պետք է վճարեին, որովհետեւ հայերն ընտրել էին անկախ, ինքնիշխան  լինելու տարբերակը, եւ դրա համար հայերը պետք է պատժվեին: Հայերը պետք է պատվեն, որ ընտրություն չունենան, որ այստեղի նախագահը զանգեր՝ ասեր, դե ես եմ ընտրվում, այնտեղից շնորհավորեին, ու ինքը այստեղ դառնար լեգիտիմ նախագահ, որ մարտի 1-եր անեին:

Եղել է եւ գործարք, եւ պատիժ: Նպատակը եղել է մեկ կրակոցով երկու նապաստակ խփելը: Այսինքն գործարք անել, ստանալ այդ հաբը, որը հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան հանդիսանում են, իսկ հայաստանում գինը եղել է այն, որ ՀՀ-ում իշխանություն կփոխվի եւ կգա ռուսամետ իշխանություն եւ կասի՝ նախկինները, որը այդ ժամանակ մենք կլինեինք, մեղավոր են, այսօր ՀՀ-ն պետք է լինի ռուսաստան-Բելառուս միության անդամ, որովհետեւ մենք առանց ռուսների անվտանգ չենք կարող լինել: Եթե ռուսները չլինեն, մենք չենք կարող գոյություն ունենալ: Մեր մեղքը այն է, որ մենք ասում ենք՝ ոչ, մենք պետություն ենք եւ պետք է ինքնիշխան լինենք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ այդ այցը Ռուսաստանին հասցեագրված անընդունելի հայտարարություններն ու Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը ոչ բարեկամական քայլ է համարում։

 

  • Կիսվել: