երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի դեսպանատան առաջ տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության «Ի աջակցություն Ռուսաստանի» ակցիան

Ռուսաստանի դեսպանատան առաջ տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության «Ի աջակցություն Ռուսաստանի» ակցիան

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության «Ի աջակցություն Ռուսաստանի» հանրահավաքի մասնակիցները քայլերթով Մհեր Արմենիայի «Հայաստան» երգի կատարման ներքո շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն:

ՌԴ դեսպանատան դիմաց ռուսերեն լեզվով ելույթ ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության անդամ Ալլա Հակոբյանը: Նա մասնավորապես շնորհավորեց Ղրիմի բնակիչներին Ռուսաստանի հետ միավորման տարեդարձի կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ մի օր էլ Հայաստանը հետ կբերի իր պատմական հողերը: Ալլա Հակոբյանը նաև վստահություն հայտնեց, որ ֆաշիզմը կհաղթահարվի, ինչպես դա եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և այդ հարցում, ինչպես այն ժամանակ իր մասնակցություն կունենա հայ ժողովուրդը: «Ռուսաստան հայ ժողովուրդը քեզ հետ է»,- նշեց Հակոբյանը: Նա հավելեց, որ Ռուսաստանը այսօր միայնակ մաքրում է ֆաշիզմի ախոռները և ի պատասխան ստանում է սանկցիաներ: «Բայց Ռուսաստանը հաղթելու է»,- եզրափակեց Հակոբյանը` «Ուռաա» վանկարկումների, հայկական երաժշտության և ներկաների պարերի ներքո:

Իր հերթին «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրենք այստեղ են հանուն ուժեղ Հայաստանի իր ռազմավարական ընկերոջ հետ: Նա նաև հայտնեց, որ միջոցառման կազմակերպիչների հետ եկել են համաձայնության, որ այս միջոցառումը պետք է լինի շարունակական: «Մենք միանում ենք այս նախաձեռնությանը, սա պետք է լինի ճիշտ ուղին նախանշող ալիք: Մենք սխալվելու իրավունք չունենք: Մենք նման հանրահավաք կկազմակերպենք նաև հաջորդ շաբաթ օրը` հանուն ուժեղ և անվտանք Հայաստանի»,- ընդգծեց Ուրիխանյանը:

ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանն էլ շեշտեց, որ Հայկոմկուսը միանշանակ սատարում է Ռուսաստանի ռազմական օպերացիան Ուկրաինայում: «Այսօր Ռուսաստանը չի պայքարում Ուկրաինայի դեմ, այլ ֆաշիզմի ու հավաքական Արևմուտքի դեմ»: Նա հավելեց, որ Հայաստանը ուժեղ է ուժեղ Ռուսաստանով: «Մենք պետք է մտնենք միութենական պետություն»,- շեշտեց Ղազարյանը, այնուհետ նույն ելույթը ունենալով նաև ռուսերեն:


«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության առաջնորդ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ նշեց, որ այս միջոցառումները լինելու ենք շարունակական, քանզի այսօր որոշվում է մեր երկրի ապագան: «Մենք հաղթելու ենք»,- հավաստեց Բաբուխանյանը:

Նշենք, որ ներկաները ձեռքներին բռնել էին «Z» տառը, տարբեր պոստերներ Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամության մասին գրառումներով: Հավաքի մասնակիցները ծածանում էին Սովետական Միության, Սովետական Հայաստանի, Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները: Հավաքի ամբողջ ընթացքում նվագախումբը կատարում էր ոգեշնչող երաժշտություն:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: