չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուս-բելառուսական միությանը միանալու Քոչարյանի առաջարկը կարո՞ղ է քրեորեն հետապնդվել․ ՔՊ-ի պատգամավորը՝ «Հայաստանի» պատգամավորին

Ռուս-բելառուսական միությանը միանալու Քոչարյանի առաջարկը կարո՞ղ է քրեորեն հետապնդվել․ ՔՊ-ի պատգամավորը՝ «Հայաստանի» պատգամավորին

Ազգային ժողովում ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն հետապնդելի արարք սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը դիմեց նախագծի հեղինակներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ներկայիս ձեր քաղաքական առաջնորդը իր վերջին հարցազրույցներից մեկում արել է հետևյալ արտահայտությունը՝ «եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ, այս տարածաշրջանում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ռուս-բելառուսական միութենական պետության շրջանակներում»։ Կուզենայի իմանալ ձեր անձնական կարծիքն այս հայտարարության հետ կապված»։
 

Արամ Վարդևանյանն ի պատասխան ասաց, որ նշված հարցազրույցն ամբողջությամբ դիտարկելու և կոնտեքստը պահպանելու դեպքում համեմատական էր անցկացվել Եվրոպայի միության ձևաչափի և նման տրամաբանությամբ ինտեգրացիոն պրոցեսների հետ։ «Ես կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիների ստվար զանգվածը, Հայաստան դաշինքի դեպքում նույնը կարող եմ ասել, որ ՀՀ անկախության հռչակագիրը անսակարկելի արժեք է և սրբազան արժեք է։ Ինտեգրացիոն պրոցեսները բնականոն երևույթներ են, որոնք տեղի են ունենում Սահմանադրությամբ նախատեսված եղանակով, ինչպես տեղի է ունեցել ԵԱՏՄ ձևաչափով, որը նույնպես ինտեգրացիոն պրոցես է։ Եվ կարծես թե ձեր իշխանությունը երբևէ նշվածը կասկածի տակ չի դրել։ Ես կարծում եմ՝ ՀՀ բնակիչների ստվար զանգվածը միշտ էլ կպատկերացնի ինտեգրացիոն պորցեսներ, ՀՀ անկախության երաշխավորմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ և երբեք ոչ, օրինակ, Թուրքիայի հետ»,- ասաց Վարդևանյանը։

  • Կիսվել: