ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Եթե 10 հոգի  բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների. ՔՊ-ական

Եթե 10 հոգի բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների. ՔՊ-ական

Երկու տարի հետո երկրում լինելու են հերթական խորհրդարանական ընտրություններ. Բագրատ Գալստանյանը հավաքում է իր ներկայիս թիմին, գնում է ժողովրդավար կերպով մասնակցում է ընտրություններին, հաղթում է, դառնում իշխանություն, չի հաղթում, դառնում է ընդդիմություն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Բագրատ Սրբազանի շարժման ճնշման արդյունքում արտահերթ զարգացումներ չեն լինի:

«Հանրահավաքին, անկեղծ ասած չեմ հետեւել: Մամուլով նայում ենք, իմանում ենք, որ հանրահավաք է եղել, բայց ուղիղ եթերներով չեմ հետեւում»,-ասաց նա:

Հարցին՝ իր կարծիքով շարժումը մարե՞լ է, Ղահրամանյանը պատասխանեց. «Մարել ասելով ի՞նչ նկատի ունեք: Եթե քիչ մարդ է գալիս, դա մարել չի: Եթե 10 հոգի  բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ամբողջ աշխարհում էլ այդպես է, այնտեղ, որտեղ իշխանությունը զավթված չի, որտեղ իշխանությունը եկել է ազատ, արդար ընտրությունների արդյունքում, որն ընդունել է նաեւ ընդդիմությունը, այդ երկրներում իշխանափոխությունը, որպես կանոն, փոխվում է եւ պետք է փոխվի հերթական խորհրդարանական ընտրություններով»:

Դիտարկմանը, որ իշխանությունը ձախողել է, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Դա ես կամ դուք չպետք է ասենք՝ ձախողել է, թե ոչ: Դա պետք է ասի ժողովուրդը: Եթե մենք ձախողել ենք, 2026-ին այլեւս չենք լինի իշխանություն»:

Հարցին՝ դուք խիստ հավատարի՞մ եք Նիկոլ Փաշինյանին, նա արձագանքեց. «Մենք խիստ հավատարիմ ենք ժողովրդին եւ նրա ընտրությանը»:

Նա խոսեց նաեւ Գառնիկ Դանիլեյանի հայտարարության մսին, թե ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնք իրենց ասում են, որ մի քիչ էլ ճնշումը մեծացրեք, որ անցնենք ձեր կողմը. «Ես արդեն 4-րդ անգամ եմ մեկնաբանում այս մանր քաղաքական տրյուկը: Առաջին անգամ Վազգեն Գալստանյանը հայտարարում էր, որ ՔՊ-ից բարձրաստիճան պաշտոնյաներ կապվում են իր հետ եւ այլն: Հետո նույն Վազգեն Գալստանյանը ուղիղ 24 րոպե հետո հարցազրույցում ասում է՝ ո՞վ է Ալեն Սիմոնյանը: Եթե ինքը չգիտի՝ ով է Ալեն Սիմոնյանը, ոնց է ասում՝ իր հետ կապվեծ են ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդտեղ հեգնանք իրականում չկար, իր հետ ոչ ոք չէր կապվել: Երկրորդ, եթե իսկապես այդպիսի դեպք լիներ, Գառնիկ Դանիելյանը վաղուց բարձրաձայնած կլիներ փաստերով»:

  • Կիսվել: