շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ պաշտոնյան ՀՀ-ին խորհուրդ է տվել «յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել»՝ «Զվարթնոցից» ՌԴ ուժերի դուրսբերման հարցում

ՌԴ պաշտոնյան ՀՀ-ին խորհուրդ է տվել «յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել»՝ «Զվարթնոցից» ՌԴ ուժերի դուրսբերման հարցում

Հայաստանի տարածքում ՌԴ զինծառայողներն ապահովում են անվտանգությունը տարածաշրջանում, նրանց դուրսբերումը հղի է լարվածության սրմամբ, Երեւանը չպետք է նույնիսկ մտածի երկրից ռուսական զորքերի դուրսբերման մասին: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի  պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարեւը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Հայաստանի իշխանությունները մտադիր են սեփական ուժերով ամբողջությամբ վերահսկել ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի սահմանային անցակետը, այդպես են հայտարարել։ Դե ինչ, դա իրենց որոշումն է, մենք պարտավոր ենք հարգել այն, առավել ևս, որ այն ակնհայտորեն մտածված է՛՛, - նշել Է նա:

Բոնդարեւի կարծիքով՝ սա ՛՛առաջին խոշոր ոչ բարեկամական քայլն է՛՛։ ՛՛Սա փաստացի Հայաստանի դանդաղ ու վստահ գլորումն է դեպի անբարյացակամություն, հեռացում ՀԱՊԿ-ի հիմքերից։ Եվ պատճառն այստեղ արևմտյան էմիսարների ազդեցությունն է, որոնք երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոստանում են եվրոպական պայծառ ապագա, ինչպես նաև պաշտպանություն Ադրբեջանի և Իրանի տարածքային նկրտումներից՛՛,-ընդգծել է օրենսդիրը։

Նրա խոսքով՝ ՛՛դա վտանգավոր ճանապարհ է, որը հղի է Անդրկովկասը լարվածության եւ մշտական հակամարտությունների տարածաշրջան դարձնելով, ինչը ռուսական կողմն ակնհայտորեն չէր ցանկանա՛՛:

՛՛Մեր զորքերը Հայաստանի տարածքում ապահովում են անվտանգությունը տարածաշրջանում, ուստի ՛՛նրանց դուրսբերումը հղի է լարվածության սրմամբ՛՛, զգուշացրել է Բոնդարեւը:

՛՛Հայկական կողմը պետք է յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի։ Հայ ժողովուրդը պետք է նաև ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենա իր կառավարության վրա, մանավանդ որ նա շատ հաճախ սկսել է հավատալ արևմտյան պատգամներին և չի հասկանում, որ դա հղի է Հայաստանի ինքնիշխանության կորստով։ Դրանք վտանգավոր քաղաքական խաղեր են, եւ հանուն սեփական բարօրության եւ կայունության՝ ես խորհուրդ չէի տա հայկական իշխանություններին անգամ մտածել Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին՛՛,-եզրափակել է Բոնդարեւը:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր. ՛՛ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդնավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: