ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-ամերիկյան «Թրամփի ուղի» նախագիծը
Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերի, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցը», - ասել է նա։
Կալուգինը հավելել է, որ «դրա համար կան բավարար հիմքեր»։
«Ըստ էության, մեր առջև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված է», -բացատրեց նա։
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը», - նշել է Կալուգինը։ Նա նշել է, որ «ճանապարհը» հիմնականում կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով։
«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,-եզրափակել է նա։


