շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԱԿ-ը կոչ է անում վերջ դնել ցանկացած հակասահմանադրական գործունեության. հայտարարություն

ՌԱԿ-ը կոչ է անում վերջ դնել ցանկացած հակասահմանադրական գործունեության. հայտարարություն

Ռամկավար ազատական կուսակցությունը հանդես է եկել ՀՀ-ում հետպատերազմական բարդ ու լարված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ:

«Սիրելի՛ հայ ժողովուրդ, այսօր ողջ հայությունը խնկարկում է 1988 թ. երկրաշարժի 25.000 անմեղ զոհերի հիշատակը: Ցավոք, օրը համընկավ Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար ստեղծված արտաքին ու ներքին ծանր կացության հետ: Մեր համազգային պատմության թերևս ամենասև էջերից մեկն է բացվել, երբ մեր կամքից անկախ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան՝ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, Արցախի Հանրապետության դեմ վերածվեց իր բնույթով մարդկության նորագույն պատմության ամենադաժան պատերազմի:

Պետք է շեշտենք, որ Արցախի հերոսական պաշտպանական բանակը հայ պահեստազորայինների ու համահայկական կամավորականների աջակցությամբ 44 օր շարունակ հերոսական մարտեր մղեց այս անհավասար պատերազմում՝ պաշտպանելով հայրենին: Միայն ՌԴ միջամտության շնորհիվ վերջ դրվեց ռազմական գործողություններին, որն ուղեկցվեց ռուսական խաղաղապահների ներգրավմամբ Արցախի Հանրապետության տարածք:

Ցավոք, այս պատերազմում ունեցած հսկայական մարդկային ու տարածքային կորուստները և աշխարհաքաղաքական կամայական վերաձևումները բարդ ու գերլարված իրավիճակ են առաջացրել ողջ հայության ու հատկապես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում: Ընդդիմության կողմից շարունակ կազմակերպվող հանրահավաքներում պահանջվում է ՀՀ վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականը, քանզի ոչ մի հայ  չի կարողանում հաշտվել զինադադարի եռակողմ համաձայնագրի մեզ համար ամոթալի պայմանների հետ, որի բոլոր 9-ը կետերում անտեսված են Արցախի և հայ ժողովրդի շահերը:

Դեկտեմբերի 5-ին կայացած հանրահավաքի կազմակերպիչների ելույթների ագրեսիվ հռետորաբանությունը, բռնության կոչերը և վերջնագրի լեզվով խոսելը է՛լ ավելի են բորբոքում կրքերը և խորացնում հակասությունը ընդդիմության և իշխանության միջև, ինչը հղի է անկանխատեսելի զարգացումներով՝ չբացառելով ընդհուպ քաղաքացիական պատերազմի բռնկումը՝ վտանգի տակ դնելով մեր պետականության հիմքերը:    

Ակնառու է, որ այս ծանր քաղաքական իրավիճակում ներկա իշխանությունները, որոնք դիվանագիտական և ռազմական պարտության մեջ ունեցան օբյեկտիվ և սուբյեկտիվ ձախողումներ, չեն կարող հանգուցալուծել ստեղծված քաղաքական ճգնաժամը, շարունակել տխրահռչակ համաձայնագրի շուրջ վարվող բանակցությունների գործընթացը, չեն կարող շարունակել նաև երկիրը կառավարել մինչև իրենց գործունեության օրինական ժամկետի ավարտը:

Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը, գնահատելով  հետպատերազմական փուլում ստեղծված սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, բարոյահոգեբանական, առողջապահական (վիրավոր զինվորականներ, կորոնավիրուսով հիվանդներ) բարդ ու դժվարին խնդիրները՝ կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին՝ խուսափել արյունահեղությունից, հակասահմանադրական գործողություններից և պահի ազդեցության տակ ընդունվող զգացմունքային, վտանգավոր որոշումներից:

ՌԱԿ-ը, հավատարիմ մնալով իր գաղափարական սկզբունքին, կոչ է անում վերջ դնել ցանկացած հակասահմանադրական գործունեության, պահանջում է իշխանությունից, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության քաղաքական ուժերից՝ անհապաղ նստել բանակցական սեղանի շուրջ, վերջ տալ ներքին թշնամանքին, համախմբվել ու մեր առաջ ծառացած բարդ ու դժվարին խնդիրները լուծել միայն ու միայն քաղաքական քննարկումների միջոցով, համազգային համերաշխության պայմաններում՝ զերծ պահելով մեր հերոսական ժողովրդին ազգակործան ցնցումներից:

Փա՛ռք մեր նահատակներին:

Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին:

Աստված պահապա՛ն Հայաստանին, Արցախին և ամբողջ հայ ժողովրդին»,- ասված է Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության հայտարարության մեջ:

  • Կիսվել: