ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով․ Ռուստամ Բադասյան

Քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով․ Ռուստամ Բադասյան

Քրեակատարողական ծառայողների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր գրանցվել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում․ նրանք հիմնարկի մեկ հերթափոխի մասնակիցներն են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«8 դեպք ունեինք, դրանից հետո մի քանի կասկածելի դեպքեր ենք ունեցել: Թեստավորում է իրականացվել: Այս պահին կոնկրետ թիվ չեմ հրապարակի, քանի որ թեստերը դեռ ընթացքի մեջ են»,-հայտարարեց նախարարը։

Նրա ներկայացմամբ, 1-ական դեպք գրանցվել է նաև «Սևանի» և «Հրազդանի» ՔԿՀ-ներում: Ինչ վերաբերում է կալանավայրերում պահվող անձանց, նախարարն ասաց, որ այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալ կամ կալանավորված անձ չի վարակվել կորոնավիրուսով, ինչը նշանակում է՝ կանխարգելիչ աշխատանքներն արդյունք տալիս են:

«Իհարկե, կարծում եմ, որ այս իրավիճակը երկար տևել չի կարող, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերը հանգեցնելու են մի իրավիճակի, երբ կունենանք նաև վարակված դատապարտյալ: Սակայն դա չի նշանակում, որ որևէ կատաստրոֆա կլինի, քանի որ մենք դատապարտյալների հիվանդանոցում վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ բուժումը և վերահսկողությունը հնարավոր կլինի ապահովել: Հնարավոր կլինի ապահովել նաև մեկուսացումը», -ընդգծեց Բադասյանը:

Անդրադառնալով մտավախությանը, թե քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվողների համար սոցիալական հեռավորությունը չի ապահովվում, նախարարը նշեց․

«Այս պահին դրությամբ քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով, ինչի մասին վկայում են թվերը, որ զրո դեպք ունենք դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում»:

  • Կիսվել: