ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ հարցեր

ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

 

Պատգամավորը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ ինքը եւ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եզդի եւ ռուս համայնքներից ստացել են նամակներ վերոնշյալ հարցի առնչությամբ:

 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը, ներկայացուցիչներ Կառավարությունից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՄԻՊ-ից, Միգրացիոն ծառայությունից, ազգային փոքրամասնությունից:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, բարձրաձայնելով խնդիրը, ցանկություն են հայտնել, որ հայերի համար սահմանված ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը կիրառվի նաեւ իրենց համար:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գեւորգյանի խոսքով ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը սահմանված է միայն ազգությամբ հայերի համար:

ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչներն անդրադարձել են հարցին ազգային անվտանգության տեսանկյունից:

Վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների շնորհման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը բարձրացված հարցի լուծման վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկները: Ըստ այդմ՝ փոփոխություններ է առաջարկվում կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում եւ թույլատրել ազգությամբ ոչ հայ անձանց պարզեցված կարգով ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Կարգավորումը կվերաբերի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծնվածներին, եթե վերջիններս ունեն կացության կարգավիճակ կամ նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, կամ էլ ծնվել են ՀՀ-ում:

 

Քննարկմանը կարեւորվել է նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը: Կարծիք է հնչել, որ հարցը կարելի է կարգավորել հենց այդ օրենքով եւս:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկները մանրամասն ուսումնասիրելու եւ հարցին լուծման տարբերակներով վերստին անդրադառնալու պատրաստակամություն է հայտնել:

  • Կիսվել: