երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քննարկվել է հայ-ադրբեջանական սահման միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը. պատգամավորը՝ Լեհաստան կատարած այցի մասին

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահման միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը. պատգամավորը՝ Լեհաստան կատարած այցի մասին

Ազգային ժողովը, մասնավորապես ՔՊ-ն, օգտագործում է խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը, բոլոր խողովակները՝ մեր միջազգային գործընկերներին Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի մասին տեղեկացնելու և հասցեական արձագանքների ակնկալիք ներկայացնելու ուղղությամբ, և այդ արձագանքները տեսանելի են բոլորին: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը:

«Այս օրերին մենք տեսնում ենք Ադրբեջանի վայրագությունները, պատերազմական հանցագործությունները դատապարտող հայտարարություններ աշխարհի տարբեր կետերից»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում օրերս Լեհաստանում էր գտնվում ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի պատվիրակությունն իր գլխավորությամբ: «Քննարկվել է հայ-ադրբեջանական սահման միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, տնտեսական համագործակցության հնարավորությունը»,- ասաց նա:

Պատգամավորը այցի ամենավառ պահերից մեկը համարեց Լեհաստանի հայ համայնքի երեխաների հետ հանդիպումը: «Փայլուն, անչափ տաղանդավոր երեխաներ են մեծանում հայրենիքից հեռու, և մեր բոլորի գործն ու առաքելությունը պետք է լինի կառուցել այնպիսի հայրենիք, ուր կձգտեն վերադառնալ դրսում ապրող մեր բոլոր երեխաները»,- ասաց նա:

  • Կիսվել: