Քննարկումն ընթացել է՝ հաշվի առնելով նաև Սոչիի գագաթնաժողովի արդյունքները. Զախարովան՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երկու երկրի մեկնաբանություններից տեսանք, որ շարունակվում է կարծիքների փոխանակումը խաղաղության պայմանագրի պատրաստման թեմայի հարցով։ Քննարկումն անցկացվել է՝ նաև հաշվի առնելով Սոչիի գագաթնաժողովի արդյունքները։ Ես որևէ տեղ չեմ տեսել, որ կողմերը հրաժարվեն վկայակոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 31-ի համատեղ հայտարարության մեջ պետությունների ղեկավարները շեշտել են Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար՛՛։
Զախարովան հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնումը՝ առկա զարգացումների հիման վրա։
՛՛Մենք մեր կողմից ցանկացած աջակցություն կցուցաբերենք այս գործընթացին։ Ինչ վերաբերում է կարգավորման հարցում Ռուսաստանի դերին, ապա Սոչիում առաջնորդները վերահաստատեցին իրենց հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածություններին։ Այս ամենը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի հիմքն է՛՛,-վստահեցրել է նա:



