«Քայլել եմ իմ Հայաստանի և Արցախի, իմ հայրենիքի համար, որ ապրենք հզոր Արցախում և Հայաստանում»․ ոտքով Սարդարապատից Երևան հասած պատանի
Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր գործիչ Գեղամ Մանուկյանը վեր բարձրացրեց Արցախի դրոշը, որն ընդդիմության ներկայացուցիչներն ու քաղաքացիներն իրենց գլխավերևում պարզած տարել են Սարդարապատից Երևան բողոքի ամբողջ քայլերթի ժամանակ։
«Սարդարապատից Երևան ընկած ամբողջ ճանապարհին մեր հարյուրավոր հայրենակիցները վանկարկում էին Արցախ», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր գործիչը նշեց՝ Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Դանիել Բեկ-Փիրումյաններն էին, ամենահերոսականը Ղարաբաղի մահապարտ գունդն էր, իսկ հիմա հերթը մերն է՝ պայքարելու հանուն Արցախի, հանուն Արցախի հայկականության, հանուն Արցախի պետականության։
Գեղամ Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց նաև պատանի Արմենին, որը Էջմիածնում մոր հետ միացել էր իրենց քայլերթին ու հասել Երևան։
«Հանգստի մի պահի հարցրի՝ Արմեն, ինչի՞ համար ես քայլում։ Նույն հարցը հիմա նորից ուզում եմ տալ նրան․ Արմեն ջան, ինչո՞ւ ես ուզում քայլել», - դիմելով պատանուն՝ ասաց Գեղամ Մանուկյանը։



