հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքապետարանի ջանքերով շատ խնդիրներ արդեն իսկ մեղմվել են, բայց մեծ աշխատանք կա անելու. Տիգրան Ավինյան

Քաղաքապետարանի ջանքերով շատ խնդիրներ արդեն իսկ մեղմվել են, բայց մեծ աշխատանք կա անելու. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանն իր ելույթում անդրադարձել է մայրաքաղաքի խնդիրներին, միաժամանակ նշելով. «Չեմ կարող չանդրադառնալ դեռևս 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի ջանքերին, որոնք շատ խնդիրներ արդեն իսկ մեղմել են։ Այնուամենայնիվ՝ պետք է ասեմ, որ մեծ աշխատանք կա դեռ անելու, քանի որ քաղաքը նոր լուծումների կարիք ունի»։

Ըստ Ավինյանի՝ Երևանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի իրեն շրջապատող միջավայրի հետ, Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք. «Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն անհատական շահի նկատմամբ։ Այդ բանաձևով է պետք լուծել բոլոր խնդիրները։ Չի կարող մեկի անհատական շահը՝ իր շենքի բակում ավտոտնակի կառուցումը, ավելի կարևոր լինել, քան երեխաների խաղը բարեկարգ խաղահրապարակում։ Չի կարող մեկի շինարարությունն ավելի կարևոր լինել, քան մեր քաղաքի ճարտարապետական տեսքը։ Մեր կողմից առաջարկվող լուծումները պետք է հիմնված լինեն հանրայի՛ն և ո՛չ անհատական շահի սպասարկման վրա։ Քաղաքի հաշվին ընկերներին, բարեկամներին և ծանոթներին լավություններ չպետք է անենք։ 

Մարդկա՛նց համար քաղաք կառուցել նշանակում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ: Անկախ նրանից՝ թե որտեղ ենք մենք ապրում՝ Շենգավիթում, Կենտրոնում, Նուբարաշենում, թե՝ Մասիվում, մենք պետք է ունենանք ինքնադրսևորման, կրթության և բուժօգնության հավասար հասանելիություն: Մարդկա՛նց համար քաղաքը պետք է լինի ժամանցային՝ մշակութային միջոցառումների, ինչպես նաև կանաչ տարածքների և խաղահրապարակների ավելացմամբ և ապակենտրոնացմամբ»:

  • Կիսվել: