երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պուտինը վերահաստատել է սահմանազատման ու սահմանագծման գործում աջակցությունը ՀՀ-ին ու Ադրբեջանին

Պուտինը վերահաստատել է սահմանազատման ու սահմանագծման գործում աջակցությունը ՀՀ-ին ու Ադրբեջանին

Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման և սահմանագծման գործընթացում: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեկ այլ գերակա խնդիր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Իր կողմից Ռուսաստանը շատ բան է արել և անելու է վերոհիշյալ բոլոր նպատակներին ու խնդիրներին հասնելու համար՛՛։

ՌԴ նախագահը հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի ամեն կերպ աջակցել ցանկացած վիճելի հարցերի կարգավորմանը, այդ թվում՝ սահմանային և այլ խնդիրների դեպքում:

Ըստ Պուտինի՝ բանակցությունները ցույց են տվել Ռուսաստանի և Ադրբեջանի շահագրգռվածությունը Կովկասյան և Կասպիական տարածաշրջաններում կայունության և անվտանգության, Եվրասիական գոտում ինտեգրացիոն նախագծերի զարգացման հարցում:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերին: Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ձեռքբերած եռակողմ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

՛՛Կարծում ենք՝ կարևոր է, որ այժմ կյանքը տարածաշրջանում աստիճանաբար կարգավորվում է, մտնում է խաղաղ հունի մեջ։ Ավելի քան 50 հազար փախստականներ իրենց տներ են վերադարձել։ Լուծվում են տնտեսական ենթակառուցվածքների վերակառուցման, պատմական, կրոնական և մշակութային օբյեկտների պաշտպանությանը վերաբերող գործնական հարցերը՛՛,-ասել է ՌԴ նախագահը:

Նա հավելել է, որ  ադրբեջանական կողմից բարձր է գնահատվել խաղաղապահ զորախմբի գործունեությունն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ կայունացման գործում Ռուսաստանի ունեցած ներդրումը:

Պուտինն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս նպաստել տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի շուտափույթ ապաշրջափակմանը:

Նա ընգծել է. ՛՛Խոսքն այն մասին է, որ ամբողջ ծավալով վերականգնվի Ադրբեջանի և Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների միջև ուղևորատար, բեռնատար հաղորդակցությունը, նախապատրաստվեն կոնկրետ համատեղ նախագծեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները՛՛:

  • Կիսվել: