Պուտինը Երևանին կոչ է արել կողմնորոշվել ԵՄ-ի հարցում
Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը: Այս մասին քիչ առաջ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինն ընդգծել է երկկողմ ապրանքաշրջանառության աճն ու համատեղ ծրագրերի կարևորությունը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 2,5 միլիարդ դոլար։ Ռուսաստանի ղեկավարը նաև մատնանշել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության արդյունքները. այդ ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ հայկական ապրանքների արտահանումն աճել է 10 անգամ:
«Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը»,-հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով, որ ռուսական ընկերությունները նշանակալի դեր ունեն հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում և ընդգրկված են պետական բյուջեի խոշորագույն հարկատուների ցանկում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի ձգտման համատեքստում Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ապագային։ Պուտինը հիշեցրել է, որ կողմերը բազմիցս քննարկել են այս հարցը։
«Եվրոպական միությանը հարելու Հայաստանի ձգտումը երկրի օրինական իրավունքն է։ Սակայն դա որոշակի բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում գտնվելու տեսանկյունից: Մեկ այլ կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարություն»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է հասկանալ Երևանի հետագա ռազմավարությունը։ «Որքան արագ Հայաստանը կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում, այնքան լավ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես ենք զարգացնելու հարաբերությունները հետագայում»,- ընդգծել է նա։
ՌԴ նախագահն առաջարկել է հայ ժողովրդին տալ ընտրության հնարավորություն ԵՄ-ին անդամակցելու հարցում և հարցնել նրանց, թե ինչ են ուզում։
«Մոսկվան խնդրում է Երևանին հնարավորինս արագ որոշել իր ապագան ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ»,-նշել է Պուտինը։
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանը կողմնակից է Հայաստանի հետ կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,-ասել է Ռուսաստանի նախագահը։
Հանդիպման ընթացքում Պուտինն անդրադարձել է նաև խաղաղ ատոմի, տրանսպորտի և թվային տնտեսության ոլորտներում հայ-ռուսական համատեղ ծրագրերի իրականացմանը։



