չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Փոփոխություններն անխուսափելի են, որ նույնիսկ դրա հավելյալ հանրային քննարկման կարիք չկա. Ավինյան

Փոփոխություններն անխուսափելի են, որ նույնիսկ դրա հավելյալ հանրային քննարկման կարիք չկա. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Երևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցային ծրագրերին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ ծավալուն աշխատանք է արվել, և դրանց արդյունքները որոշ ուղղություններով այս տարվանից պետք է իրագործվեն։

Անդրադարձ է եղել ավտոբուսային առանձին գծերի վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ քննարկումներին։ Ուսումնասիրվել ու վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը, մշակվել կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիների ներդրման մասով։ Իլ դը Ֆրանսի գործընկերները ներկայացրել են ռիսկերի հետ կապված վերլուծություն։

«Ակնհայտ է, որ փոփոխություններն անխուսափելի են, որ նույնիսկ դրա հավելյալ հանրային քննարկման կարիք չկա։ Այստեղ ճաշակի հարց չէ, ռեֆորմի անհրաժեշտության հարց է, և մենք պետք է շարժվենք փուլային»։

Ըստ նրա, պետք է սկսել հիմնական երթուղիներից, որտեղ տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է, հաջորդ փուլում կգնան շինարարական միջամտությունների՝ փողոցների առանձնացումը բետոնային կամ եզրաքարային տրամաբանությամբ, ինչպես արված է Փարիզում։ Ըստ նրա, մեքենաների աճի տենդենցը տեսնելով, ենթադրվում է՝ քաղաքը մի օր կանգնելու է, եթե ոչ մի միջամտություն չլինի. «Մեքենաների համար կյանքը բարդացնում ենք, բայց այդ կյանքն ինքնըստինքյան է բարդանում՝ անկախ գործողություններից»։ Ավինյանը հիշեցրել է, որ նախորդ տարի փորձարկում արել են, արդյունավետ է եղել. «Հասարակական տրանսպորտով երթևեկող մարդկանց համար կյանքն էապես հեշտանում է»։ Նա հիշեցրել է՝ ո՛ր քաղաքները այդ քայլերը չեն արել, ավելի վատ հետևանքների առաջ են կանգնած։

  • Կիսվել: