ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն, շատ վտանգավոր է. Գրիգորյանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի մասին

Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն, շատ վտանգավոր է. Գրիգորյանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի մասին

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ նշել է. « Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։

Արդեն կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների երկու նիստ, երրորդը նախատեսվում է անցկացնել մոտ օրերս։

Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։

Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»:

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում։

Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։

Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։

ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից»:

  • Կիսվել: