կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետք է հեռու մնալ ապստամբության սադրիչ կոչերից. Եվրոպայի հայերի համագումար

Պետք է հեռու մնալ ապստամբության սադրիչ կոչերից. Եվրոպայի հայերի համագումար

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել՝ հորդորելով անխոհեմ ու զգացմունքային դատողությունների և գործողությունների փոխարեն հայրենիքում և սփյուռքում իշխի սառը դատողությունը և Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները չեզոքացնելու տրամաբանությունը:   

 
 

Հայտարարությունը՝ ստորև.

«Հայ ժողովրդի պատմության այս դժվարին պահին, արտաքին բոլոր թշնամիների ու բարեկամների առջեւ միասնական ճակատով դուրս գալը հրամայական պահանջ է:

Հատկապես գերիների, անհետ կորածների եւ սահմանների անվտանգության հարցը կարելի է ամենաարդյունավետ կերպով լուծել միայն ողջ ազգի սերտ գործակցությամբ եւ միաձայն:

Ցավալի եւ դատապարտելի են բոլոր այն անհեռատես քայլերը, որ հատկապես սփյուռքի որոշ հայտնի շրջանակների կողմից քաջալերվում եւ կատարվում են՝ խափանելու  պետական պաշտոնյաների հետ հանդիպումները եւ գործակցությունը:

Օրինակ Էկոնոմիկայի նախարարի Իրան այցելության ժամանակ Թեհրանի եւ Իսֆահանի թեմական խորհուրդները հրաժարվեցին նրա հետ հանդիպումներից եւ աջակցելուց: Կամ որոշ Ռուսաստանյան հայկական կառույցների հրաժարվելը՝ հանդիպելու Սփյուռքի գործերի հանձնակատարի կամ այլ պաշտոնյաների հետ:

Դատապարտելի է հատկապես եկեղեցական մարմինների եւ որոշ հոգեւոր առաջնորդների կողմից թույլ տրված համանման կեցվածքը: Եկեղեցին ընդհանրական է եւ պիտի գործի համերաշխության, սիրո եւ արդարամտության ոգով:

Այս բոլորը թշնամու ջրաղացին ջուր լցնելու անհեռատես քայլեր են եւ հարկավոր է վերջ տալ նման քայքայիչ գործողություններին:

Քաղաքական բոլոր հարցերը պետք է բացառապես լուծել սահմանադրական օրենքի համաձայն եւ հեռու մնալ ապստամբության եւ բռնի իշխանությունը գրավելու հակապետական սադրիչ կոչերից:

Հարկավոր է ցուցաբերել լրջագույն զգոնություն եւ չթերագնահատել ապստամբության եւ արկածախնդրական կոչերի իրականացման վտանգը, քանի որ հնարավոր է հայտնի խմբերի կողմից փորձ կատարվեն կրկնելու նոյեմբերի 10–ի դեպքերը՝ այս անգամ ավելի վտանգավոր ելքով:

Հարցերը լավագույն կերպով լուծելու եւ ճգնաժամային վիճակը եւ անվստահության մթնոլորտը հաղթահարելու լավագույն միջոցը ընտրություններն են, լինեն դրանք արտահերթ թե հերթական: Հիմա մեղավորների ու դավաճաններ փնտրելու ժամանակը չէ: Ժամանակը կգա եւ բոլոր հանցավորները եւ դավաճանները վստահաբար ի հայտ կգան եւ կստանան իրենց պատիժը:

Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել ինքնանպատակ եւ կոչված են միաձայնությամբ լուծելու երկրի առջեւ ծանրացած բազմաթիվ հարցեր:

Ցավոք ընդդիմադիր դաշտի ճնշող մեծամասնությունը, հատկապես հին ռեժիմի ու նրանց սատարող ուժերի ներկայացուցիչները իրականում հրաժարվեցին արտահերթ ընտրություններից՝ իմանալով որ ընտրություններով իշխանությունը նորից զավթելու շանսեր չունեն:

Իսկ առավել ափսոսալին եւ ցավալին այն է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, այս բոլոր ընդդիմադիրների մեջ միակն էր, որ ցանկության պարագայում կարող էր Ազգային Ժողովում ըստ սահմանադրությամբ իրենց տրված հնարավորությունների արտահերթ ընտրության տեխնիկական հարցերը լուծելով հասնել դրա իրականացմանը, բայց նրանք որոշեցին թեկուզ եւ մեկ օրով՝ իրենց ղեկավարին երեւակայել վարչապետի պաշտոնում:

Թեպետ իշխանությունները արտահերթ ընտրությունների էջը դեռեւս չեն փակել, սակայն Լուսավոր Հայաստանը կրելու է դրա չկայանալու ողջ պատասխանատվությունը:

Այժմ ներկա պահին հարկավոր է, որ իշխանությունները ինքնաքննադատությամբ վերացնեն իրենց թերությունները, լսեն կառուցողական քննադատությունները, Հայաստանում եւ սփյուռքում անհապաղ համագործակցության կանչեն կարող ուժերին, կարգի բերեն եւ ակտիվացնեն կառավարման համակարգը եւ լծվեն եռանդուն աշխատանքի:

Ժողովուրդը կսատարի ու կպաշտպանի բոլոր այն քայլերը, որ կատարվում ու կատարվելու են ապահովելու երկրի անվտանգությունը, բարեփոխելու դատաիրավական համակարգը, ամրացնելու բանակը, հետ բերելու ժողովրդից թալանածը, իսպառ վերացնելու կոռուպցիան եւ զարկ տալու տնտեսությանը եւ գիտությանը»:

  • Կիսվել: