չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարն անդրադարձել է Մոսկվայում կայանալիք՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը

Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարն անդրադարձել է Մոսկվայում կայանալիք՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը`անկախ այն բանից, թե որտեղ են ընթանում բանակցությունները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ողջունում ենք հաղորդագրություններն այն մասին, որ կողմերը մտադիր են շարունակել քննարկումները։ Կրկնեմ՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն է այդ խնդիրների լուծման բանալին։ Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք ընթանում են, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան՝ Արլինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում՛՛:

Խոսելով այն մասին, թե արդյոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ՛՛կուլիսային բանակցություններ՛՛ ընթանու՞մ են այս հարցի շուրջ՝ նա ասել է. ՛՛Չխորանալով դիվանագիտական հարաբերությունների մանրամասների մեջ` կարող եմ ասել, որ պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք երկկողմ հարաբերություններ պահպանում Ռուսաստանի հետ նույնիսկ հսկայական ճնշման ժամանակաշրջանում, իհարկե, մեր երկրների առջև ծառացած մի շարք հարցերն են, որոնք մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ համապատասխան ձևով քննարկենք՛՛:

  • Կիսվել: