շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչպես հասկանալ Պետդեպի խոսնակի հայտարարությունը, կանաչ լույս Ադրբեջանի ագրեսիայի համա՞ր․ Բեգլարյան

Ինչպես հասկանալ Պետդեպի խոսնակի հայտարարությունը, կանաչ լույս Ադրբեջանի ագրեսիայի համա՞ր․ Բեգլարյան

Ինչպե՞ս հասկանալ Պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը Ալիևի՝ համաներման մասին վերջին դիտողությունների վերաբերյալ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:  

՛՛Ի՞նչ կասեք Ալիևի կողմից ագրեսիայի նոր սպառնալիքների, Արցախյան չընդհատվող շրջափակման, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին:

Արդյոք սա կանաչ լու՞յս է ագրեսիայի համար՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը արածել էր հայտարարություն, որում ասվում էր. ՛՛Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում խաղաղության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառության առթիվ և ողջունում նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հնարավորության մասին՛՛:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախի խորհրդարանը պետք է լուծարվի․ «Տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»։

Այս հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»։

 
 

  • Կիսվել: