երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ. ի՞նչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան․ «Փաստ»

Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ. ի՞նչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ նախապես պլանավորված հանդիպումներից զատ, ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացնելու հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Արարատ Միրզոյան - Ջեյհուն Բայրամով հանդիպման մանրամասները, քննարկված հարցերի առանցքը։

Մեր աղբյուրը նշում է, որ Գրիգորյանը եվրոպացիներին է ներկայացնելու նաև ներկայումս ընթացող սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի ընթացքը։ Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցել է նաև, որ օրերս Երևանում գտնվող՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր այցի ընթացքում հայկական կողմին հորդորել է մինչև հոկտեմբերի վերջ ձեռքի տակ պատրաստ ունենալ «խաղաղության համաձայնագրի» վերջնական տարբերակը։ Թերթը տեղեկություններ ունի, որ հայադրբեջանական «խաղաղության պայմանագիրը» ստորագրվելու է Բրյուսելում նոյեմբերի առաջին տասնօրյակում։

Ի դեպ, թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ այս հարցում պաշտոնական Մոսկվան արդեն տվել է իր դրական կարծիքը։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Մոսկվայի համար ավելի կարևոր են սահմանազատման գործընթացը և կոմունիկացիաների շուրջ կոնկրետ բանակցությունները, քան տարածաշրջանում լարվածության խորացումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: