շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից․ Մարության

Պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից․ Մարության

Սիրելի՛ հայրենակիցներ, երևանցիներ, խոսքս ձեզ եմ ուղղում։ Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, և կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց քաղաքապետը։

«Օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարի հափշտակում կամ կենցաղային, աշխատանքային զարհուրելի հանցանք։ Ինչպես ելույթներից հասկացանք՝ այդպիսինները չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է․ ինչպես նախաձեռնող խումբն է ասում՝ քանի որ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը»,-ասաց Մարությանը։

Նա հիշեցրեց՝ 2018-ին ՀՀ ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին իրենք բոլորը մասնակից են եղել և իրենց լուման են ներդրել։

«Երևանի ավագանու ընտրություններում մենք՝ որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք ջախջախիչ հաղթանակ տանել և թղթի վրա հստակ ամրագրել ժողովրդի կամքը։ Ավագանու «Իմ քայլը» դաշինքում 57 հոգուց միայն 27-ն են այդ պահին ՔՊ անդամ եղել, մեծ մասը՝ անկուսակցականներ կամ այլ կուսակցությունների անդամներ։ Ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, տվեց «Իմ քայլը» դաշինքին, հեղափոխությանը, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։ Այսպիսով՝ ժողովուրդն ընտրել է «Իմ քայլը» հեղափոխական դաշինքին։ Պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» խմբակցության անդամ, և նախաձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը։

Ըստ Մարությանի՝ իրեն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնողները, հիշատակելով ՔՊ-ի անունը, փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։

«Սա անընդունելի է ինձ համար և ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են արել՝ ավելի լավ Հայաստանի երազանքով։ ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա նույնպես անընդունելի և վիրավորական է այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն»,-ասաց նա։

 

  • Կիսվել: